Էժան և արդյունավետ գնման դիմացն առնելու գործընթացն ավելի արագ է տեղի ունենում, քան հակառակը․ Լիլիա Ամիրխանյան
07 Սեպտեմբերի 2023, 23:21
2022 թվականի դրամի արժևորումից հետո օբյեկտիվորեն ստեղծվեց միջավայր և ակնկալիք, որ գոնե ներմուծվող ապրանքների մասով գնիջեցում կլինի, բայց այդ գործընթացը տեղի չունեցավ և պառողը չշահեց։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ նշելով, որ դրանց արժեքներն իջեցնելու հնարավորություն կար։
«2022 թվականի դրամի արժևորումից հետո օբյեկտիվորեն ստեղծվեց միջավայր և ակնկալիք, որ գոնե ներմուծվող ապրանքների մասով գնիջեցում կլինի, քանի որ արժևորված դրամի պարագայում ներմուծվող ապրանքների արժեքները ունեն հնարավորություն իջնելու, բայց այդ գործընթացը տեղի չունեցավ։ Այսինքն, սպառողը չշահեց։
Տնտեսական դժվարությունների ֆոնին, դա հնարավորություն էր` մեխանիզմները գործարկելու, որ ինչ-որ իմաստով, նույն սպառողը որոշակիորեն շահեր։ Բայց գների նվազման գործընթացը շատ ավելի ուշ եղավ, այսինքն, տնտեսվարողների արձագանքը ավելի ուշ եղավ, այն բանից հետո, երբ նույն տնտեսվարողները բավական գերշահույթներ կարողացան ապահովել»,- բացատրեց փորձագետը։
Ըստ նրա՝ նման պարագայում յուրաքանչյուր սպառողի մոտ հարց է առաջանում՝ ինչու՞ ինձ համար ապրանքները չեն էժանանում։
«Հիմա, որպես սպառող ինձ մոտ առաջանում է օբյեկտիվ հարցադրում։ Ինչու՞ այդ հավասար պայմաններում, երբ կա հնարավորություն ինձ համար ապրանքները էժանացնելու, դա չի արվում։ Փոխարենը, կա շատ արագ արձագանք և հակառակ գործընթաց։ Էժան և ավելի արդյունավետ գնման դիմացն առնելու գործընթացն ավելի արագ և ճկուն է տեղի ունենում»,- նշեց Ամիրխանյանը։