Եժի Կավալերովիչ. Հայը, որ փոխեց լեհական կինեմատոգրաֆը

19 Հունվարի 2025, 22:02

Հայեր

Հունվարի 19-ը հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Եժի Կավալերովիչի ծննդյան օրն է։

Եժի Կավալերովիչը ծնվել է 1922 թվականի հունվարի 19-ին Գվոզդեց գյուղում։ Հարցազրույցներից մեկում ռեժիսորն ասել է, որ իր հայկական արմատների մասին միշտ իմացել է ընտանեկան ավանդույթների և ծեսերի շնորհիվ, իսկ Կավալերովիչ ազգանունը ծագել է հայկական Կավալերյան ազգանունից:

«Իմ նախնիները հայ են եղել։ Իմ տատիկն ու պապիկը հիանալի խոսում էին հայերեն և հաճախ երգում էին հայկական ժողովրդական երգեր», — պատմում էր Կավալերովիչը։ 1946 թվականին ավարտել է Կրակովի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի նախապատրաստական դասընթացը, որը նոր էր սկսել իր աշխատանքը, իսկ ավելի ուշ սովորել է Կրակովի Գեղարվեստի ակադեմիայում։

Կավալերովիչի դեբյուտը որպես ռեժիսոր դարձել է «Համայնք» ֆիլմը։ 1955 թվականին դարձել է Վարշավայի «Կադր» կինոընկերության գեղարվեստական ղեկավարը։ Կավալերովիչը եղել է նաև Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության հիմնադիրներից և առաջին նախագահը, որը ղեկավարել է 1966-1978 թվականներին, իսկ 1981 թվականին դարձել է այդ կազմակերպության պատվավոր նախագահը։ Կավալերովիչի ամենահայտնի գործերից է «Հովհաննեսի մայրը հրեշտակներից» ֆիլմը, որը պատմում է քահանա Յուզեֆի և վանքի վանամոր արգելված սիրո մասին: Մեկ այլ խորհրդանշական ֆիլմ է «Աուստերիա» ողբերգական սագան, որը հիմնված է ռեժիսորի հիշողությունների վրա իր հայրենի քաղաքի և Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին, երբ տեղի հրեաները ապաստան էին փնտրում ռուս կազակներից:

ԽՍՀՄ-ում Կավալերովիչին լայն ճանաչում է բերել «Փարավոն» ֆիլմը։ Կինոյում աշխատելուց բացի, Կավալերովիչը ակտիվորեն մասնակցել է Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքին, զբաղվել է դասախոսական գործունեությամբ։ 1983թ. դարձել է Ազգային փրկության հայրենասիրական շարժման Ազգային խորհրդի անդամ:

1970-ականների վերջին Կավալերովիչն այցելել է Հայաստան։ Ռեժիսորը քաջատեղյակ էր հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություններին, այդ թվում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այդ ամենն արդեն վերապրել եմ։ Այս ամենը ինձ ծանոթ է… ըստ երևույթին, այդ հիշողություններն իմ գեների մեջ են»,- ասել է նա:

Եժի Կավալերովիչը կյանքից հեռացել է 2007 թվականի դեկտեմբերի 27-ին Վարշավայում։