Եկատերինբուրգի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխականներն ուխտագնացություն են կատարել Տյումենի հայկական եկեղեցի

04 Հունիսի 2025, 19:45

Մշակույթ

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ Եկատերինբուրգի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխականներն՝ առաջնորդ Արիստակես քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ, այցելել են Տյումեն քաղաքի հայկական եկեղեցի։

Եկեղեցում Արիստակես Հովհաննիսյանը մատուցել է Սուրբ Պատարագ: Իր քարոզում նա հիշել է երկրորդ Ծաղկազարդի նշանակությունը: «Քրիստոսն այսօր կրկին մտնում է մեր սրտերը, մենք պետք է բացենք այս խորհրդավոր դուռը և ներս թողնենք Փառքի Թագավորին»,- ընդգծել է Տեր Արիստակեսը։

Ուխտավորների համար կազմակերպվել է շրջայց ծխական համայնքի հոգևոր-լուսավորչական և մշակութային կենտրոնում։ Նրանք ծանոթացել են Տյումենի հայ համայնքի ձևավորման պատմությանը, հանդիպել հայկական դպրոցի ուսուցիչների և ստեղծագործական խմբակների սաների հետ։ Ճամփորդության շրջանակներում ուխտավորները ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների։ Ծաղիկներ են դրվել նաև հայ-ռուսական բարեկամության այգում տեղադրված մարշալ Բաղրամյանի կիսանդրու մոտ։

Հիմա եթերում