Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի նոր ղեկավար Վիդադի Մուստաֆաևը նույնպես ձերբակալվել է

02 Դեկտեմբերի 2025, 20:45

Քաղաքականություն

Եկատերինբուրգում ոստիկանությունը հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ ձերբակալել է Վիդադի Մուստաֆաևին, որին տեղական ԶԼՄ-ները Շիխլինսկու ձերբակալությունից հետո անվանել էին Ուրալում ադրբեջանական սփյուռքի հնարավոր նոր առաջնորդ:

«E1» աղբյուրի տվյալներով՝ գործողությունը տեղի է ունեցել «Исеть» աշտարակի մուտքի մոտ, որտեղ Մուստաֆաևն այցելել է ֆիթնես ակումբ։ Ձերբակալությանը մասնակցել են Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ստորաբաժանումը (ОБОП)՝ հատուկ արագ արձագանքման ստորաբաժանման (СОБР) ուղեկցությամբ։

Նախնական տեղեկություններով՝ նրան կասկածում են հողամասի վաճառքի հետ կապված խարդախության մեջ։ Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան, հրապարակման պահին Մուստաֆաևի հետ կապ հաստատել չի հաջողվել, քանի որ հեռախոսն անջատված է եղել: