Եկել է պահը, որ Նիկոլներն ու Զելենսկիները հաշվետվություն տան․ Արմեն Զատիկյան
21 Փետրվարի 2025, 15:42
Թրամփի ռեյտինգը օր օրի բարձրանալու է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Զատիկյանը:
«Թրամփն, իր խոսքի տեր մարդ լինելով հանդերձ, իրականացնում է իր տված խոստումները։ Այնքան արագ են զարգանում դեպքերը, որ մենք շատ բաներ բաց ենք թողնում։ Թվում է, թե Ամերիկան ներքուստ զավթել են թշնամիները ու խժռել են՝ բյուջեն կերել են, տրիլիոններով գումար են դուրս հանել երկրից։
Թրամփի վարած քաղաքականությունն այնքան խորն արմատներ ունի, որ ինքն Ամերիկայի հզորացումն ու պաշտպանողականությունը սկսում է ինչ-որ տեղ նաև Եվրոպայից։ Սկզբում եվրաբոլշևիզմը Եվրոպան կերավ ու կամաց-կամաց տեղափոխվեց Ամերիկա։ Թրամփը և իր թիմը մաքրում են, ինչ կարողանում են։ Սա շատ կարևոր է ժողովրդի համար ու Թրամփի ռեյտինգն օր օրի բարձրանալու է»,- նշել է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա, երկրի փրկությունը համախմբման մեջ է։
«Եկել է պահը, որ նիկոլներն ու զելենսկիները հաշվետվություն տան։ Նիկոլին դեռ հերթը չի հասել։ Թրամփի նպատակը ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելն է, անընդհատ կրկնում է՝ չի ուզում, որ արյուն թափվի։ Եթե մենք, որպես ազգ, կարողանանք խելացի գտնվել ու այս ամենից օգտվել, այս գլոբալ վերազգայնացման խաղի մեջ մեր տեղը ունենալ, լավ կլինի։
Նիկոլն իր բերած չարիքի հետ բերեց նաև բարիք․ ազգը կիսեց երկու մասի՝ ապազգային հայեր ու ազգային հայեր։ Սա տեսնում ենք և Սփյուռքում, և Հայաստանում։ Պիտի ստեղծվի լուրջ աջակողմյան պահպանողական հայկական-ազգային ուժ։ Եթե դա չստեղծվի, աթոռ ուզող ուժերը կմտնեն խաղի մեջ ու կփչացնեն ամեն ինչ։ Ես փրկությունը տեսնում եմ համախմբման մեջ»,- եզրափակել է Արմեն Զատիկյանը: