Եկեղեցի-պետություն հակադրությունը հայկական օրակարգ չի կարող լինել․ Արա Պողոսյան
03 Հունիսի 2025, 14:05
Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը սկսվել է 2018 թվականից։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Անձերի խնդիր բացարձակապես չկա։ Այս իշխանությունը որևէ անձի հետ խնդիր չունի։ Իշխանության խնդիրը համակարգն է, եկեղեցին՝ որպես համակարգ, որպես կառույց, որպես կազմակերպիչ ազգային ուժ։ Թերևս մեր իրականության մեջ սա եզակի և բացառիկ երևույթ է»,-ասել է քաղաքագետը։
Արա Պողոսյանի խոսքով՝ ամենակարևոր հանգուցային կետը մայիսի 22-ն էր, երբ Ադրբեջանում Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ Հայ Առաքելական եկեղեցին «ռևանշիզմի օջախ» է և «սպառնալիք» տարածաշրջանի երկրների համար։
«Սա, բնականաբար, ուղիղ կապ ունի Ադրբեջանի վարած քաղաքականության հետ, որովհետև գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունն ուղղված է Հայաստանում ցանկացած ազգային տրամադրության, ցանկացած ազատագրական շարժման կամ գաղափարի դեմ»,-ընդգծել է Պողոսյանը։
Քաղաքագետը կարծում է, որ եկեղեցի-պետություն հակադրությունը հայկական օրակարգ չի կարող լինել․
«Սա թշնամական օրակարգ է, որի նպատակը տարանջատելն է եկեղեցուն և եկեղեցական առաջնորդությունը։ Նպատակը նաև ազգային պառակտվածություն ստեղծելն է։ Եթե իշխանությանն, այնուամենայնիվ, հաջողվի սահմանադրական կարգի տապալում իրագործել, ապա կունենանք նախադեպ, և կխարխլվեն հայ եկեղեցու հիմքերը։ Կստեղծվի նախադեպ, երբ մի խումբ մարդիկ կարող են փոխել եկեղեցու հովվապետին։ Իսկ դա, իր հերթին, կնշանակի, որ մի խումբ մարդիկ կարող են համարել, որ իրենք կարող են պահանջել Սրբազան Հայրապետի փոփոխություն, իսկ հետ առաջարկել ու պարտադրել սեփական թեկնածուին»։