Եկեղեցին չպետք է դառնա քաղաքական խաղերի գործիք․ Ռուսաստանի հայերի միություն

18 Դեկտեմբերի 2025, 17:45

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) վարչության ընդլայնված նիստում ընդունվել է հայտարարություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են ՌՀՄ-ի տարածաշրջանային բաժանմունքների հարյուրավոր ղեկավարներ և Ռուսաստանի այլ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱԵ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում աշխարհի հայության շրջանում։ Ըստ հայտարարության՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը խախտում է Սահմանադրությունը և աննախադեպ ճնշում է գործադրում եկեղեցու և նրա առաջնորդ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ինչպես նաև հոգևորականության այլ ներկայացուցիչների նկատմամբ։

Իբր բարեփոխումների պատրվակով, որոնք իշխանությունների իրավասության մեջ չեն մտնում, վարչապետը փորձում է ենթարկել Եկեղեցին պետությանը՝ փոխարինելով նրա ղեկավարությանը իշխանություններին հավատարիմ հոգևորականներով։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս գործողությունները հիշեցնում են 2018 թվականի իրադարձությունները, երբ քաղաքական էլիտաների փոփոխությունը կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսով հանգեցրեց երկրի թուլացմանն ու Արցախի կորստին։

Հայտարարության հեղինակները համոզված են, որ բարեփոխումները պետք է բխեն հենց եկեղեցու ներքին գործընթացներից և չպետք է պարտադրվեն դրսից։ ՀԱԵ-ի նկատմամբ ճնշումը նրանք գնահատում են որպես ազգային անվտանգության սպառնալիք և հայ ժողովրդի դիմադրողականության թուլացում արտաքին մարտահրավերների դիմաց։

«Մենք՝ Ռուսաստանի հայերս, կտրականապես բողոքում ենք տեղի ունեցող անօրինականությունների դեմ և պահանջում ենք Հայաստանի իշխանություններից, նախ և առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, դադարեցնել հակաեկեղեցական քարոզարշավը, ազատ արձակել կալանավորված հոգևորականներին և քաղբանտարկյալներին։ Եկեղեցին չպետք է դառնա քաղաքական խաղերի գործիք», — ասված է հայտարարության մեջ։

Հիմա եթերում