Եկեղեցին մարդկանց մոտ վստահություն է առաջացրել․ իրենց պահանջը լեգիտիմ է․ Գևորգ Բագրատունի
06 Մայիսի 2024, 22:20
Բոլորը խոսում են փաստաթղթերի մասին, բայց ոչ մեկը չի տեսել դրանք։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Ազգային Միացյալ Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Բագրատունին։
«Այս շարժումն սպասելի էր, բայց այն, որ այսքան շուտ սկսվեց, անսպասելի էր։ Սահմանագծման օրինականության մասին խոսք լինել, չգիտեմ, կարող է, թե ոչ, որովհետև, ըստ օրենքի, կարծեմ, իրավունք չունեն պետության ղեկավարներն այս ձևով երկրի սահմանները գծելու։ Տարօրինակ է՝ մեր քաղաքական դաշտում բոլորը խոսում են փաստաթղթերի մասին, բայց ոչ մեկը չի տեսել, թե ինչ է գրված այդ փաստաթղթերում, ինչ են խոսել, պայմանավորվել։
Բոլորն ասում են՝ կա այդպիսի փաստաթուղթ, ըստ դրա՝ անում ենք այսինչ բանը։ Իշխանությունը դեմ է դուրս գալիս ժողովրդին, ժողովուրդը՝ իշխանություններին։ Որովհետև որ կողմից էլ նայում ենք, սովորական հային ոչ պատշաճ, ոչ հաճելի քայլերի է գնում կառավարությունը»,- ասել է մեր զրուցակիցը։
Բագրատունու խոսքով՝ եկեղեցին է մարդկանց մոտ վստահություն է առաջացրել և մարդիկ միանում են այս շարժմանը։
«Այս շարժումը մի ուրիշ տեսք ընդունեց, երբ դրան միացավ եկեղեցին, որն ընդլայնեց այս պայքարը։ Ժողովրդի մի մասը չէր միանում այս պայքարին, քանի որ տարակուսանքի մեջ էր, չէր ուզում քաղաքականությամբ միանալ կամ միանալ, այսպես ասած, նախկիններին։ Հիմա, երբ արդեն կա եկեղեցին, նրանց մոտ մի տեսակ վստահություն է առաջացել, որ այս պահանջը լեգիտիմ է։
Այս պահանջի մեջ կա ճշմարտություն, կա մի բան, որը եկեղեցին է պաշտպանում։ Մեր եկեղեցին մեր ազգի պահապան հրեշտակն է։ Եկեղեցին մեր ազգի գոյությունն է, ծայրահեղ իրավիճակներում եկեղեցին է մեզ հայ պահել»,- եզրափակել է Գևորգ Բագրատունին։