Եկեղեցին տոնում է Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակության օրը

16 Դեկտեմբերի 2023, 16:51

Մշակույթ

«Սքանչելագործ». այսպես են ժամանակին կոչել Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր սրբերից Հակոբ Մծբնա հայրապետին՝ կատարած բազում հրաշքների համար: Նրա հիշատակության օրն այս տարի կնշվի դեկտեմբերի 16-ին: Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի Սրբի մասունքը: Այս մասին հայտնում է Qahana.am-ը։

Մինչ հիշատակության օրը արդեն կրակին է ավանդական դարձած հարիսան: Տաք կերակուրը հավատացյալներին կմատուցվի Պատարագից հետո:

Նույն օրը Եկեղեցին նշում է նաև Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը:

Կյանք՝ լեցուն հրաշագործ դրվագներով

Հակոբ Մծբնա հայրապետը գործել է Մծբին քաղաքում, այսօրվա Թուրքիայի տարածքում: Երիտասարդ հասակից դարձել է ճգնավոր, առանձնացել անապատում: Հայրապետի կյանքը լեցուն է հրաշագործ դրվագներով: 

Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի խոսքով՝ Ս. Հակոբը հայտնի էր հատկապես բժկությամբ.

«Մծբին քաղաքի և շրջակայքի բնակչությունն անհավատ էր: Այս տարածքում մարդիկ դարձի են եկել՝ տեսնելով Սրբի կատարած հրաշագործությունները, բժշկությունը»:

Կա հետաքրքիր ավանդություն Նոյյան տապանի մի կտոր բերելու վերաբերյալ: 

Ըստ ավանդության՝ Մծբին քաղաքի ու շրջակայքի բնակչությունը չէին հավատում Նոյյան տապանի գոյությանը, մեծ ջրհեղեղի մասին պատմությանը: Ս․  Հակոբը Մարուգե ճգնավորից լսելով, որ մարդիկ թերահավատ են, որոշում է բարձրանալ լեռը, տապանը տեսնել ու մի մասնիկ բերել.

«Աղոթքով բարձրանում է լեռը, ճանապարհին, երբ շատ հոգնում է, ննջում է, երազում հրեշտակն այցելում է նրան ու ասում, որ նրա խնդրանքները լսելի դարձան Աստծուն: Երազում հրեշտակը փոխանցում է տապանից մի մաս: Հակոբը արթնանալով տեսնում է տապանի մասունքը»: 

Նոյյան տապանի այդ մասունքը մինչև օրս պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 

Կա ավանդություն, որ Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, որն ունեցել է հրաշագործ հատկություն: Աղբյուրի կողքին էլ հետագայում կառուցվել է եկեղեցի: 

Հայրապետից անբաժան են Մարուգե ճգնավորի ու Մելիտոս եպիսկոպոսի անունները: Նրանք ևս հայտնի են իրենց հրաշագործություններով ու ըստ ավադության՝ կապված են միմյանց հետ:

Մարուգեն Հակոբի խորհրդատուն ու ուսուցիչն էր, հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրան են վերագրում տարբեր հրաշքներ: Հենց նա է ժամանակին մարգարեացել. Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի հետնորդը: Մարուգե ճգնավորի խորհրդով են Ս․ Հակոբին անապատից բերել 320 թվականին ու ձեռնադրել եպիսկոպոս: Ս․ Հակոբը, լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը, մասնակցել է 325 թվականի Նիկիայի տիեզերաժողովին:

Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում, եղել է Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թվականից եղել է Անտիոքի աթոռի եպիսկոպոսը: Նախագահել է 381 թվականի Կոստանդնոպոլսի երկրորդ տիեզերաժողովը:

Մեզ պետք են մարդիկ, որոնք անսասան են իրենց սկզբունքների մեջ

Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե Ճգնավորի և Մելիտոս Եպիսկոպոսի հիշատակության օրը կարևոր է, որ մենք ևս մեկ անգամ շեշտենք անկոտրուն հավատի մասին, նկատում է Տեր Շմավոնը.

«Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի անկոտրուն հավատն ու անսասան կամքը թույլ տվեցին, որ այդ ժամանակահատվածում քաղաքի ու շրջակա միջավայրի բնակիչների սնահավատությունը կոտրվի, նրանց սրտերը փափկեն»:

Կարևորելով օրվա խորհուրդը՝ ընդգծում է. «Այսօր մեզ պետք են մարդիկ, որոնք անսասան են իրենց սկզբունքների մեջ»: