Եկեղեցու դեմ Բրիտանիայի պատերազմը ոգեշնչում է հարձակումն աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի վրա. Ռոբերտ Ամստերդամ

20 Մարտի 2026, 15:05

Քաղաքականություն

Բարեբախտաբար, Մեծ Բրիտանիան ժամանակի ընթացքում յուրացրել է, որ եկեղեցիների կրոնական ազատության դեմ կոպիտ ոտնձգությունները քիչ են նպաստում հասարակական անդորրին։ Նույնիսկ Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի խայտառակ հրաժարականից հետո կառավարությունը ձեռնպահ մնաց հաջորդի ընտրության գործընթացին միջամտելուց։ Այն իրավացիորեն հույսը դրեց եկեղեցու ներքին կանոնադրության վրա և թույլ տվեց, որ գործընթացն ընթանա իր հունով։

Հայաստանում, սակայն, Փաշինյանը ձգտում է վերահսկել եկեղեցին և խարխլել նրա հնագույն կանոնական իրավունքը։ Եկեղեցու բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ ձերբակալվել են։ Այս պայմաններում, վախենալով պետական հետևանքներից, եթե հավաքն անցկացվեր Հայաստանում, նրանք որոշեցին հատուկ Սինոդ գումարել Ավստրիայում՝ քննարկելու եկեղեցու հալածանքները։ Ի պատասխան՝ Փաշինյանը կարգադրեց մեղադրանք առաջադրել Կաթողիկոս (եկեղեցու առաջնորդ) Գարեգին Բ-ին՝ խոչընդոտելու նրա մեկնումն արտերկիր։

Եկեղեցու հայտնի աջակից Սամվել Կարապետյանն անարդարացիորեն ձերբակալվել և կալանավորվել է՝ ի պատասխան իր ցուցաբերած աջակցության։

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արել է անհեթեթ, սադրիչ և բացահայտ գռեհիկ հայտարարություններ, ներառյալ՝ մեղադրանքներ արտամուսնական երեխաների վերաբերյալ մղադրանքները և այն արտահայտությունը, թե ցանկանում է մերկանալ ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում։

Սա մեծապես հիշեցնում է այն, թե ինչպես էր Հենրիխ VIII-ը վարվում կաթոլիկների հետ, որոնք հրաժարվում էին խոնարհվել իր նոր՝ պետության կողմից վերահսկվող Անգլիկան եկեղեցու առջև։ Ձերբակալությունն ու ավելի վատ ճակատագիրը սպասում էին նրանց, ովքեր չէին ենթարկվում թագավորական թելադրանքներին։

Ինչո՞վ սա կավարտվի Հայաստանում․ կա՛մ Փաշինյանը կպարտվի հունիսին կայանալիք ընտրություններում, կա՛մ կհաղթի և կամրապնդի իր ճիրանները Հայաստանի վրա։ Ճիրաններ, որոնք հետագայում հայերին կզրկեն իրենց իրավունքներից։

Մի՛ սխալվեք տեղի ունեցող իրադարձությունների հարցում. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է Հայաստանի խոշորագույն եկեղեցին ենթարկել պետական վերահսկողության։ Նա հայտարարել է, թե թույլ չի տա, որ եկեղեցին «հակադրվի պետության շահերին»։ Այլ կերպ ասած՝ իր սեփական շահերին։

Սա բառացիորեն Հենրիխ VIII-ի սցենարն է։ Եկեղեցին կուրորեն չհետևեց նրա կամքին և հրաժարվեց դադարեցնել քննադատությունը նրա կառավարման վերաբերյալ, ուստի նա օգտագործեց պետության հարկադիր ուժը՝ ճնշելու այլախոհության ցանկացած, նույնիսկ չնչին հնարավորություն։

Այս վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, վերջերս ավելացրել է իր անձնական աշխատակազմի բյուջեն։ Ընդդիմադիր ձայներն ի սկզբանե ենթադրում էին, որ աճը գրեթե չորս անգամ գերազանցում է Փաշինյանին հասանելի միջոցների ծավալը։ Ի բարեբախտություն հայերի, կառավարությունն արագորեն հստակեցրեց, որ աճը կազմել է ընդամենը մոտ 20 միլիոն դոլար՝ մոտ 50 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։

Այս աննախադեպ աճը նշանակում է, որ նրա տարեկան ընդհանուր բյուջեն (65 միլիոն դոլար) ավելի մեծ կլինի, քան Եվրոպայի մնացած չորս թագավորական ընտանիքների բյուջեները միասին վերցրած:

Եթե գումարեք Դանիայի (մոտ 19 մլն դոլար), Բելգիայի (մոտ 16,5 մլն), Շվեդիայի (գրեթե 10 մլն) և Իսպանիայի (մոտ 9 մլն) թագավորական ընտանիքների տարեկան բյուջեները, ձեզ դեռևս կպակասի ավելի քան 10 միլիոն դոլար՝ հասնելու այն բյուջեին, որը Փաշինյանը ողջամիտ է համարել իր անձնական աշխատակազմի համար։

Մինչդեռ, Փաշինյանի անզիջում և մշտապես աճող վերահսկողությունը Հայաստանի դատական համակարգի, մեդիա դաշտի և կրոնի վրա այն է, ինչի մասին այս սահմանադրական միապետներից շատերը կարող էին միայն երազել տենդագին զառանցանքի մեջ։

Հայ Առաքելական Եկեղեցու վրա Փաշինյանի հարձակումների ակունքները թաքնված են Լեռնային Ղարաբաղում քրիստոնյա հայերին պաշտպանելու նրա անկարողության մեջ։ Տասնյակ հազարավոր մարդիկ ենթարկվեցին էթնիկ զտումների տարածաշրջանում՝ Ադրբեջանի հաղթանակից հետո։ Եկեղեցին հոգևոր պատասխանատվություն է կրում այդ հայերի հանդեպ, որից նա չհրաժարվեց։

Հիմա եթերում