Եկեղեցու դեմ գործողությունները՝ գլոբալիստական քաղաքականության մաս․ Արմեն Բադալյան

19 Դեկտեմբերի 2025, 23:08

Կարծիք | Քաղաքականություն

Իշխանության նպատակը եկեղեցին որպես ազգային կառույց վերացնելն է։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով երեկ Վեհարանում տեղի ունեցած միջադեպերն ու բախումները։

Քաղտեխնոլոգը դրանք որակել է ոչ թե որպես պատահականություն, այլ հստակ մշակված ծրագրի մաս։

«Այն, ինչ տեսնում ենք, դեռ վերջնական հաղթանակ չէ որևէ կողմի համար, այլ ընթացիկ վտանգավոր գործընթաց։ Մենք չգիտենք՝ որն է իշխանությունների իրական նպատակը»,- ասել է Բադալյանը։

Նրա համոզմամբ՝ մայիսի 9-ից հետո, երբ վարչապետը վերադարձավ Մոսկվայից, սկսվեց գործընթաց, որի նպատակն է սպասարկել կոնկրետ աշխարհաքաղաքական պատվերներ։ Ըստ քաղտեխնոլոգի՝ այդ ծրագրի առանցքում են «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը, ռուսական ներկայության չեզոքացումը և, որ ամենակարևորն է, Հայ Առաքելական եկեղեցու թուլացումն ու վերացումը։

Ըստ փորձագետի՝ եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները տեղավորվում են գլոբալիստական քաղաքականության տրամաբանության մեջ․ «Նպատակներից մեկը ոչ թե ազգային դիմագիծ ունեցող, այլ աղանդավորական ու տարատեսակ փոքրամասնություններից բաղկացած գլոբալիստական հասարակություն ունենալն է»։

Ըստ նրա՝ սա Հայաստանի և Ռուսաստանի եկեղեցական կառույցների տարանջատման դե ֆակտո գործընթաց է։ «Փորձում են Ռուսաստանի հայ համայնքին կտրել հայաստանյան հասարակությունից, ինչը նպաստում է Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրամիության գլոբալիստների քաղաքականությանը»,- հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։