Եկեղեցու և կառավարության միջև երկխոսություն չի եղել. Բագրատ սրբազան
14 Հունիսի 2023, 18:07
«Եկեղեցու և կառավարության միջև խոսակցություն չկա և գոյություն չի էլ ունեցել»,- Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ շուրջ Եկեղեցին և ԿԳՄՍ նախարարությունն ընդհանուր հայտարարի չեն գալիս, որի հետևանքով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից որպես առանձին միավոր պետք է դուրս գա:
Բագրատ սրբազանն ասել է, որ Վեհափառ հայրապետի և վարչապետի առաջին հանդիպմանը նախատեսվել էր ստեղծել հանձնախմբեր, որոնք կքննարկեին այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում էին «Հայ եկեղեցու պատմություն» առարկային: Մայր Աթոռը ստեղծել է հանձնախումբ, սակայն կառավարությունը չի արել դա: Եղել են միայն մեկ կամ երկու անգամ անհատական մակարդակով հանդիպումներ:
Սրբազանի կարծիքով՝ առարկան ծրագրից հանելու այն հարցերը, որոնք կարող էին պատճառ լինել օրինակ՝ ուսուցիչների վերապատրաստում, դասագրքերի վերատեսություն, ժամաքանակի կրճատում կամ ավելացում և այլն, դրանք լուծելի խնդիրներ էին, սակայն դրանց վերաբերյալ երկխոսություն, քննարկում այդպես էլ տեղի չի ունեցել:
Իսկ պատճառաբանությունն առ այն, որ հայ Եկեղեցու պատմությունն անբաժան է հայոց պատմությունից, այդ իսկ պատճառով ճիշտ են համարել, որ այն ներառվի «Հայոց պատմություն» առարկայի ծրագրում, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը աշխարհայացքային առումով ընդունել է, սակայն ընդգծել է, որ «Հայ եկեղեցու պատմություն» և «Հայոց պատմություն» առարկանները տարբեր գիտակարգեր են, տարբեր խնդիրներ են լուծում, տարբեր հարցերի են անդրադառնում և պետք է առանձին դասավանդվեն:
«Եթե իրենց այդ տրամաբանությամբ դիտարկենք, ապա հայ գրականությունը, հայոց լեզուն ևս անբաժան են հայոց պամությունից, հետևաբար ինչու՞ են սրանք անջատված մեկը-մյուսից որպես առարկաններ»,- այսպիսի հարցադրում է արել սրբազան հայրը:
«Ես վերստին իմ համոզմունքն եմ հայտնում, որ դա զուտ քաղաքական որոշում է: Պատրանքային հանձնախմբի մասին խոսել, պատրանքային, իմիտացիոն երկխոսության մասին անդրադարձ ունենալ, բայց երբեք կոնկրետ գործողություններ չանել, այն ձևով, որ մենք ցանակցանք, բայց չեղավ, այս նույն տրամաբանության մեջ: Դա ուղղակիորեն մեծագույն վնասներից մեկն է լինելու մեր ազգային նկարագրի ինքնությանն ուղղված», — ընդգծել է արքեպիսկոպոս Գալստանյանը:
Բագրատ սրբազանը մատնանշել է, որ ԿԳՄՍ-ի բերած պատճառաբանություններից մեկն էլ հղում է տալիս Սահմանադրությանը, թե «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմամբ վիրավորում են մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների կրոնական, հոգևոր զգացմունքները:
Այստեղ սրբազանը ևս մեկ հարցադրում է արել, թե հայ գրականության առարկան դասավանդելիս ինչպես են խոսելու սուրբ Մովսես Խորենացու մասին, ասելու՞ են արդյոք, որ շարականգիր է, մեր պատմահայրն է, աղոթասաց մարդ է եղել, եպիսկոպոս էր: Եթե չասեն, ապա դա կնշանակի, որ աղճատելու են, կեղծելու են պատմությունը և մարդուն կեղծ գիտելիք են փոխանցելու, որ ազգային փոքրամասնությունների զգացմունքները չոտնահարեն:
Մանրամասները՝ տեսանյութում: