Եկեղեցու վերաբացումը Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում նոր զարթոնքի սկիզբ է դարձել

29 Հունիսի 2023, 08:14

Հայեր

Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում հոգեւոր կյանքը աշխուժացել է եկեղեցու վերաբացումից հետո, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել և դաշուշենցիների համար նոր զարթոնքի սկիզբ դարձել:

Գյուղի հոգևոր կյանքի հենասյունը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը խորհրդային տարիներին օգտագործվել է որպես ակումբ, իսկ ավելի ուշ` վերածվել պահեստի: Եկեղեցին մի քանի տարի առաջ վերանորոգվել է բարերարների շնորհիվ: Ամեն կիրակի մատուցվում է պատարագ:

Հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը «Արցախթերթի» հետ զրույցում ասել է, որ Ստեփանակերտի բնակիչներն էլ են գալիս և մասնակցում պատարագին: Տեր Ներսես քահանա Ասրյանի շնորհիվ Դաշուշեն համայնքում նաև ստեղծվել է առաջին կիրակնօրյա դպրոցը, որտեղ սովորում են գյուղի երեխաները:

Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղը հարուստ է իր հոգևոր և մշակութային ժառանգությամբ: Գյուղում կա 16 գրանցված հուշարձան, որոնց թվում են 1843 թվականի Սուրբ Աստվածածին եկեղեցին, 19-րդ դարի գերեզմանատունը, Սուրբ Սարիբեկի սրբավայրը: