Եկեղեցում ցանկացած բռնություն դատապարտելի է. Սուրբ Աննա եկեղեցու հովիվ
30 Մարտի 2026, 19:26
Դատապարտելի է և մերժելի է Հայ առաքելական եկեղեցում ցանկացած բռնության դրսևորում։ Այս մասին հայտարարել է Կաթողիկե սուրբ Աստվածածին և սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանը։
Մարտի 29-ին հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։
«Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը դատապարտում է մարտի 29-ին եկեղեցում տեղի ունեցած միջադեպը: Եկեղեցին նախևառաջ և հաստատապես՝ անկախ քաղաքական հայացքներից, Աստծո տունն է, որտեղ մարդիկ կյանքի կոչելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի միմյանց սիրելու պատվիրանը, միավորվում են սիրո, կարեկցանքի և աղոթքի շուրջ»,–նշել է տեր Զենոն քահանան։
Նա ներողություն է խնդրել բարեպաշտ հավատացյալներից, որոնք գալով եկեղեցի՝ ակամայից ներկա են գտնվել այդ դատապարտելի տհաճ միջադեպին: Նա հորդորել է հավատացյալներին զերծ մնալ քաղաքական գործընթացները եկեղեցի ներմուծելու վտանգավոր գործողություններից։
Հիշեցնենք` Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալված 3 անձանցից 2–ը եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, մյուսը Գևորգ Գևորգյանն է։ Այս պահի դրությամբ ձերբակալվածներին դեռ մեղադրանք չի առաջադրվել։