«El Chino» կամ  Լուկաս Սելարայան. Մեքսիկան ու ԱՄՆ-ը «գրավելուց» հետո դեպի Սաուդյան Արաբիա՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով

09 Օգոստոսի 2023, 22:46

Հայեր | Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում միշտ էլ եղել են ֆուտբոլիստներ, որոնք հրավիրվել են արտերկրից: Տարբեր տարիներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները մանրադիտակի տակ են առել գլոբուսն ու փնտրել են հայկական արմատներով ֆուտբոլիստների՝ ազգային թիմի խաղերին ներգրավելու նպատակով: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այդպիսի ֆուտբոլիստները քիչ չեն: 90-ականներին հավաքականի մարզաշապիկով փայլում էր Էրիկ Ասադուրյանը, 2000-ականներին գերազանց ելույթներով աչքի էր ընկնում Անդրեյ Մովսեսյանը, իսկ նախորդ տասնամյակում հայ երկրպագուների սրտերը մխրճվեց Արաս Օզբիլիսը:

Դեռևս 2016 թվականից հայկական ԶԼՄ-ները պարբերաբար անդնադառնում էին արտերկրում մեծ անուն հանած, սակայն Հայաստանի հավաքականի մարզաշապիկը երբեք չկրած ֆուտբոլիստներին: Հատկապես, մերոնք ակտիվորեն փնտրում էին հարձակման գծի նոր առաջատարի, քանի որ Յուրա Մովսիսյանը մոտենում էր կարիերայի մայրամուտին: Որպես իդեալական տարբերակ, իհարկե, դիտարկվում էր Մեքսիկական «Տիգրեսում» հանդես եկող Լուկաս Սելարայանը:

Համացանցում պտտվում էին նրա հրաշալի գոլերը, ասիստներն (գոլային փոխանցում)  ու շքեղ անցումները, սակայն ոչ մի կերպ չէր ստացվում համաձայնության հասնել նրա հետ: Ի վերջո, 2021 թվականի հոկտեմբերին կայացավ նրա բաղձալի նորամուտը:

Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել Լուկաս Սելարայանը, մինչև հասել է Հայաստանի հավաքական:

Լուկաս Սելարայանը ծնվել է Արգենտինական Կորդովա քաղաքում: Չիմացողների համար՝ Կորդովան երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, որտեղ ապրում է մոտ 1,5 միլիոն մարդ: Դեռևս 19-րդ դարի վերջից Կորդովան համարվել է փախստականների քաղաք: 20-րդ դարի սկզբին բնակչության մեծամասնությունն այլ երկրներից տեղափոխվածներն էին կազմում: Հիմնականում Կորդովա բախտ որոնելու էին գալիս իտալացիներն ու իսպանացիները: Բայց, դե՛, անհնար է գնալ մի քաղաք, նույնիսկ Արգենտինա, ու այնտեղ չգտնել հայերի: 1992 թվականի հունիսի 20-ին Կառլոս և Սիլվա Սելարայանների ընտանիքում լսվեց նոր հայի ճիչը. լույս աշխարհ եկավ Լուկասը (նման ճիչեր Սելարայանների ընտանիքում լսվել են ևս 5 անգամ):

Գրեթե անհնար է ծնվել Արգենտինայում ու չհետաքրքրվել ֆուտբոլով (գրեթե նույնն է, ինչ ծնվել Իտալիայում ու չսիրել պիցցա կամ պաստա): Արդեն 3 տարեկանում Լուկասին անհնար էր կտրել գնդակից նույնիսկ քնելու ընթացքում, իսկ 4 տարեկանում Կառլոս Սելարայանը նրան տարավ տեղի «Բելգրանո» ակումբ, որտեղ էլ նա կատարեց իր առաջին ֆուտբոլային քայլերը:

«Երբ փոքր էի, բակում բոլորն իրենց պատկերացնում էին Մարադոնաներ ու Բատիստուտաներ, իսկ ինձ պատկերացնում էի «Բելգրանոյի» կազմից մեկին: Ես շատ էի ուզում մի օր հայտնվել այդ ակումբի մեկնարկային կազմում: Իմ սիրելի ֆուտբոլիստը Պաոլո Ֆրանժիպանեն էր (արգենտինացի ֆուտբոլիստ, որը խաղում էր այդ տարիներին «Բելգրանոյում» — խմբ.)», — իր հարցազրույցներից մեկում տարիներ առաջ ասել է Սելարայանը:

Իհարկե, ցանկացած ֆուտբոլիստ երազում է մեծ կարիերա ունենալ, սակայն քչերը կարող են հավատալ, որ այդ կարիերան այնքան նշանակալի կլինի, որ երկրպագուները մի գեղեցիկ օր իր պատկերով կզարդարեն հարազատ քաղաքի պատերը. Լուկասի երկրպագուները գեղեցիկ գրաֆիտիներով ներկել են Կորդովայի պատերից մեկը: Այդպես, ժամանակին, Սելարայանը երեխայի պես երազում էր խաղալ հարազատ «Բելգրանոյում», իսկ հիմա քաղաքի մանուկներն են ամեն օր արթնանում՝ Լուկասի ճանապարհով անցնելու հույսով:

«Ես անչափ հպարտ եմ, որ մանուկների ներշնչանքի աղբյուրն եմ: Ես լավ եմ նրանց հասկանում: Ես շատ եմ սիրում Կորդովան ու «Բելգրանոն», սակայն կարիերայում աճ գրանցելու համար ես պետք է քայլ առաջ անեի ու տեղափոխվեի այլ ակումբ», — ասել է Լուկասը:

Սելարայանի խոսքում կար ճշմարտություն. «Բելգրանոն» երբեք էլ աստղեր չի ունեցել, իսկ իր մասշտաբով աստղերին չի կարողացել պահպանել թիմում: Իսկ Լուկասին պահելը ահավոր բարդ էր:

Հենց նորամուտից սկսած նա դարձավ մեծահասակների թիմի առաջատարը՝ 77 խաղում խփելով 10 գոլ ու կատարելով 6 գոլային փոխանցում: Տարօրինակ է, բայց, լինելով Արգենտինայում ծնված հայ ֆուտբոլիստ, երկրպագուներից նա ստացել է «El Chino» մականունը (այդ տարիներին տոլերանտության մասին Կորդովայում, երևի, չեն լսել), հավանաբար, արտաքին տեսքի համար:

Այդպես, «El Chino»-ն, գրավելով նախ տեղի երկրպագուների սրտերը, դուրս եկավ միջազգային ասպարեզ՝ դառնալով օտարերկրյա թիմերի տրանսֆերային թիրախը:

Նրանցից ամենահամառը եղավ մեքսիկական «Տիգրեսը», որը 2015 թվականի ձմռանը համեստ «Բելգրանոյին» վճարեց 4,5 միլիոն եվրո: Ոչ ոք չէր կասկածում, որ Լուկասը կփայլի ացտեկների հայրենիքում:  Հենց առաջին մրցաշրջանում Լուկասը դարձավ Մեքսիկայի չեմպիոն:

Առհասարակ, 4 տարի մնալով այնտեղ՝ Սելարայանը ևս 2 անգամ նվաճեց ոսկե մեդալները, ինչպես նաև 3 անգամ գլխավերևում պահեց, այսպես կոչված, «Չեմպիոնների չեմպիոն» անունը կրող գավաթը: 4 տարում Լուկասը հսկայական առաջընթաց գրանցեց: «Վագրերի» մարզաշապիկը կրելով 140 անգամ՝ «El Chino»-ն մրցակիցների դարպասը գրավեց 23 անգամ՝  ևս 14 անգամ կատարելով արդյունետ փոխանցում:

Կարող է թվալ, որ հարձակողական ոճի կիսապաշտպանի համար արդյունավետությունն այդքան էլ տպավորիչ չէ, սակայն Լուկասի հաջողության գաղտնիքը թիմային աշխատանքն է և ճիշտ պահին ճիշտ թիմակից դաշտում գտնելու բացառիկ հոտառությունն է: Հենց այս ամենը հաշվի առնելով՝ Ամերիկյան ֆուտբոլային լիգայի ներկայացուցիչ «Քոլամբուս Քրյուն» արեց իր համար ռեկորդային՝ 7 մլն եվրո արժողությամբ առաջարկ, որից «Տիգրեսը» չէր կարող հրաժարվել: Լուկասը ստացավ ակումբում 10-ը համարի մարզաշապիկը և աշխատավարձային հատուկ արտունություն. նա թիմում միակն է, որը ստանում է լիգայի կողմից նշաձող սահմանված աշխատավարձից շատ: Երևի թե չարժե ասել, թե որքանով արդարացվեց այս տրանսֆերը:

Հենց առաջին մրցաշրջանում Լուկասը դարձավ լիգայի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ ու լավագույն նորեկ, 2020-ին դարձավ MLS գավաթի հաղթող ու ստացավ առաջնության բոլոր աստղերի խաղին մասնակցելու իրավունք:

Ընդ որում՝ Լուկաս Սելարայանը արդեն 3 տարի անընդմեջ մասնակցում է այդ խաղին: Իսկ ո՞ր իրավունքով այդ հանդիպմանը պետք է խաղա այլ ֆուտբոլիստ: Էլ ո՞վ կարող է նման շքեղ գոլեր խփել:

Ծնվելով Արգենտինայում, Լուկասը երազել է մի օր կրել այդ թիմի մարզաշապիկը, սակայն երբեք չի մոռացել իր արմատների մասին: Դժվար է ասել՝ ինչպիսի ընտրություն կկատարեր «El Chino»-ն, եթե ստանար «Ալբիսելեստեյից» հրավեր: Լուկասն ասում է, որ Հայաստանի հավաքականի հրավերը ստանալուց հետո երկար չի մածել:

«Երբ ինձ ասացին, որ ցանկանում են հրավիրել Հայաստանի հավաքական, անմիջապես զանգահարեցի ծնողներիս, որոնք ուրախությունից արտասվում էին: Ես էլ հուզվեցի ու ընդունեցի առաջարկը: Չէի համբերում՝ երբ պետք է միանամ հավաքականին ու ծանոթանամ տղաների հետ: Երբեք չեմ փոշմանել ընտրությանս համար: Հայաստանը միշտ եղել է իմ սրտում», — ասել է Լուկաս Սելարայանը:

Չնայած ակումբային գերազանց ելույթներին, հավաքականում արդյունավետ գործողություններ ոչ մի կերպ չէին գրանցվում: Երկրպագուները ստիպված եղան սպասել ավելի քան 1 տարի, մինչև Լուկասը պոռթկաց. Ուելսի հետ Եվրո 2024-ի ընտրական խաղում Սելարայանը դարձավ 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ:

Ժամանակին Լուկասը տպավորեց բոլորին Արգենտինայում, հետո ստիպեց հիանալ իրենով Մեքսիկայում ու Միացյալ Նահանգներում: Հիմա էլ հերթը Սաուդյան Արաբիայինն է: 2023-ի տրասֆերային «փոթորիկը» համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ Կարիմ Բենզեմայի, Մարցելո Բրոզովիչի ու Նգոլո Կանտեի պես աշխարհի ամենամեծ թերակղզի բերեց նաև մեր Լուկաս Սելարայանին: «Ալ Ֆաթեհի» երկրպագուները կարող են չեմպիոնության հույսեր ունենալ, իսկ մրցակից թիմի դարպասապահները, այսուհետև, երկար կմտածեն՝ սեփական դարպասը նույնիսկ մի քանի սանտիմետրով թողնելուց առաջ: