Հելեն Սեգարա. Հայկական արմատներով ֆրանսիական սոխակը
26 Փետրվարի 2025, 23:36
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 26-ը հայկական արմատներով ֆրանցիացի երգչուհի Հելեն Սեգարայի ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1971 թվականին Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար արվարձանի Սի-Ֆուր-Լե-Պլաժ բնակավայրում։ Նրա հայրը՝ ծագումով իտալացի Բեռնար Ռիցցոն, աշխատել է Սեն-սյուր-Մեր նավաշինական գործարանի բյուրոյում, իսկ մայրը՝ հայուհի Թերեզա Գասպարյանը, հարկայինի աշխատակից էր։ Հելենի հայազգի տատիկը Մուշից փախել և ապաստան է գտել Ֆրանսիայի մանկատներից մեկում։
Հելենի մայրն ամենևին էլ չէր ողջունում դստեր՝ երգչուհի դառնալու ձգտումը։ Նա որոշել էր, որ դուստրը պիտի աշխատի քաղաքապետարանում, բայց աղջիկը պնդել է իրենը. «Ոչ, մայրիկ, ես երգելու եմ»։ Նրան սատարել են մորական տատն ու պապը։
Հելենը 11 տարեկանում մասնակցել է երաժշտական մրցույթի՝ կատարելով Նանա Մուսքուրիի «L’amour en heritage» (Սիրո ժառանգություն) երգը և ստացել առաջին մրցանակը։ 15 տարեկանում նա թողել է դպրոցը և սկսել ելույթ ունենալ ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում։
1996 թվականին Հելենը որոշում է լքել հայրենի քաղաքը և տեղափոխվել Փարիզ։ Մի քանի լսումներից հետո նա հանդիպում է ֆրանսիական շանսոնի լեգենդ Դալիդայի պրոդյուսեր և եղբայր Օռլանդո Ջիլյոտիին։ Հելենի ձայնը ուժեղ տպավորություն է թողել նրա վրա, և Օրլանդոն դառնում է նրա պրոդյուսերը։ Շուտով թողարկվել է Հելենի «Je vous aime adieu» սինգլը, որն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն և արժանացել մի շարք մրցանակների։
Երգը ներառվել է նրա դեբյուտային «Ապակե սիրտ» ալբոմում, որը վաճառվել է ավելի քան 600,000 օրինակով։ Ալբոմը ներառում էր այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Les vallées d’Irlande» և «Vivo per lei», որոնք կատարել է իտալացի աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելլիի հետ։
Շուտով Հելենը ստացել է Էսմերալդայի դերը Լյուկ Պլամոնդոնի և Ռիչարդ Կոկիանտեի «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում։ Այն հայազգի երգչուհուն համաշխարհային հռչակ է բերել։ Հելեն Սեգարան ճանաչվել է «Նոտր Դամ դե Պարի» բեմադրությունում Էսմերալդայի դերի լավագույն կատարողը։
Անաստասիայի «Ցուրտ դեկտեմբերից հեռու» («Loin du froid de décembre») հուզիչ երգը համանուն ամերիկային մուլտֆիլմում կատարել է Էլեն Սեգարան։
Նա երգեր է ձայնագրել իր երկրորդ՝ «Au nom d’une femme» ալբոմի համար, որից «Il y a trop de gens qui t’aiment» սինգլը անմիջապես գրավել է առաջին հորիզոնականը Ֆրանսիայի, Բելգիայի և Շվեյցարիայի հիթ-շքերթներում:
Հելեն Սեգարան նաև թողարկել է հետաքրքիր սկավառակ՝ Եվրոպայի, Ասիայի և նույնիսկ Աֆրիկայի ժողովուրդների սիրված երգերի ֆրանսիական քավեր տարբերակներով:
2004թ-ին Փարիզում իր 80-ամյակի առթիվ կազմակերպված հոբելյանական երեկոյի ժամանակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վստահել է Սեգարային հայկական մանկական երգչախմբի հետ կատարել իր հեղինակային երգը` «Քեզ համար, Հայաստանը» («Pour toi, Armenie»)։
Երգչուհին պատմական հայրենիքի մասին ասել է. «Դա երկիր է, ուր միշտ ուզում ես վերադառնալ»։