Ելենա Սիմոնյանցը Ուլան-Ուդեում կբացի Բայկալյան սուրբծննդյան փառատոնը
04 Դեկտեմբերի 2024, 09:20
Ուլան-Ուդեում Բայկալյան սուրբծննդյան փառատոնը կբացվի դեկտեմբերի 27-ին Մոսկվայից տաղանդավոր հայ երգեհոնահարուհի Ելենա Սիմոնյանցի ելույթով:
Համերգի ընթացքում կհնչեն Բախի, Հենդելի, Մարչելոյի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ելենա Սիմոնյանցն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Նա մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: Ելենան հանդես է եկել Մոսկվայի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի, ՌԴ նախագահական նվագախմբի, ՌԴ Պաշտպանության նախարարության սիմֆոնիկ նվագախմբի, Նիժնի Նովգորոդի, Ռոստովի, Ստավրոպոլի, Կիսլովոդսկի նվագախմբերի, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի հետ: