Էլինա Աղամյան․ Վարդուշը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից
28 Նոյեմբերի 2024, 23:45
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Էլինա Աղամյանը ծնվել է 1950թ. նոյեմբերի 28-ին: Սերը բեմի հանդեպ դեռ եղել է պատանեկության տարիներին, ուստի դպրոցից անմիջապես հետո Էլինան ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից թատերական ստուդիա, որն ավարտել է 1970 թվականին։
Ուսման ընթացքում Աղամյանը զուգահեռ խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1971 թվականին ընդգրկվել է Կիրովականի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի թատերախմբում։ Նա խաղացել է մի շարք ներկայացումներում, բայց նկարահանվել է ընդամենը երկու ֆիլմում։
Էլինա Աղամյանի դեբյուտային աշխատանքը էկրանին Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմն է, որը նկարահանվել է 1984 թվականին: Էլինան մարմնավորել է Ռուբենի երկրորդ կնոջ՝ Վարդուշի դերը։ Ֆիլմն, ի դեպ, ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնում։
Իսկ 1988 թվականին թողարկվել է «Ռիչարդ II» հեռուստատեսային ֆիլմ-ներկայացումը, որը հիմնված էր Ուիլյամ Շեքսպիրի համանուն տարեգրության վրա։ Ռիչարդ II թագավորի գահակալության և սպանության մասին պատմող բեմադրությունում դերասանուհի Էլինա Աղամյանը խաղացել է թագուհու դերը:
2007 թվականին Էլինա Աղամյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: