Էլվինա Մակարյան․ Հայկական ջազի թագուհին

16 Օգոստոսի 2024, 23:53

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օգոստոսի 16-ին հայ հայտնի երգչուհի Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1950 թվականին Երևանում։ Վաղ տարիքից առանձնահատուկ սեր ուներ երաժշտության հանդեպ։ Նկատելով աղջկա տաղանդը՝ մայրը որոշել է դստերը երաժշտական դպրոց ուղարկել։

Մակարյանը սիրում էր կատարել Շառլ Ազնավուրի և Ռոբերտինո Լորետիի երգերը, և դաշնամուրով նվագակցում էր ինքն իրեն։ Նկատելով երգչուհու տաղանդը՝ Մարտին Վարդազարյանը նրան հրավիրել է իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում Էլվինան առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ։

Այնուհետև միացել է «Կռունկ» վոկալ-գործիքային անսամբլին, որի ղեկավարը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էր։ Էլվինա Մակարյանն այստեղ կատարելագործվում է որպես ջազային երգչուհի։

Երկու տարի անց Կոնստանտին Օրբելյանը, լսելով Էլվինայի հզոր ձայնը, նրան հրավիրում է անսամբլ։ Օրբելյանի նվագախումբը դարձավ Էլվինայի թռիչքը երգարվեստում։ Ու սկսվում են արտասահմանյան շրջագայությունները։

Նա գիտեր մի քանի օտար լեզու և ստեղծագործական կապեր ուներ համաշխարհային մշակույթի և օտարազգի երաժիշտների հետ։ Էլվինա Մակարյանը համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում ու մեծ հիացմունք առաջացրել օտարերկրացիների մոտ։

Կյանքի հանգամանքներից ելնելով՝ Մակարյանը ստիպված տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ թողարկել է երեք ալբոմ, բացել սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ և գրել երգեր։

Էլվինան Հայաստան է վերադարձել միայն իննսունականների սկզբին։ Հայրենիքում ձայնագրել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Յարո ջան»-ը և «Երևան»-ը: Մինչև 90-ականների վերջը Մակարյանն ապրել և ստեղծագործական ուղին շարունակել է Հայաստանում, որից հետո ընդմիշտ մեկնել է ԱՄՆ՝ աշխատելով սեփական ստուդիայում։

Էլվինա Մակարյանը մահացել է 2007 թվականի հուլիսի 9-ին։