ԵՄ անդամ դառնալու մտադրության մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները հետևանքներ ունեն երկրի տնտեսության համար. Ազա Միհրանյան

30 Մարտի 2026, 12:00

Քաղաքականություն

ՌԴ ԳԱ Ե․Մ․ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնտեսական հետազոտությունների բաժնի վարիչ Ազա Միհրանյանը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ինչպես նաև Երևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման և դեպի Եվրամիություն անդամակցությանն ուղղված կուրսի տնտեսական հետևանքները։

«Հայաստանի տնտեսությունը բավականին բարձր աճի տեմպեր է ցուցադրում։ Եթե խոսենք տարեկան ՀՆԱ-ի աճի ընդհանուր ծավալի մասին, ապա, օպերատիվ տվյալներով, այն գերազանցում է 5%-ը։ Սա, ընդհանուր առմամբ, լավ դիրք է, սակայն այստեղ հարկ է նշել աճի անհամաչափությունը։

2025 թվականին նկատվում են ցիկլայնության շատ բարձր բնութագրեր. տարեսկզբին աճի տեմպը կտրուկ նվազում է, իսկ այնուհետև որոշակի ծավալ է հավաքվում։ Եթե ավելի խորը դիտարկենք Հայաստանի տնտեսական աճի բնութագրերը, ի հայտ են գալիս ավանդական գործոններ, որոնք այն պայմանավորում են 2025 թվականին։ Մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի շրջանառության ազդեցության բավականին բարձր մակարդակը՝ մոտ 6%, այսինքն՝ առաջանցիկ աճ»,-ասել է նա։

Միհրանյանի խոսքով՝ տնտեսության մեջ մեծ ավանդ է ապահովում անշարժ գույքի շուկան՝ առքուվաճառքի ոլորտը։ «Ըստ շինարարության վիճակագրության՝ ցուցանիշները նույնպես բարձր են՝ ընդհանուր առմամբ մոտ 11%։ Ամենամեծ ավանդն այժմ նկատվում է ծառայությունների ոլորտի աճի ֆոնին, հատկապես ֆինանսների բնագավառում։

Համապատասխանաբար, մեզ մոտ ձևավորվում է մի իրավիճակ, որը բնութագրում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային շեղումը դեպի սպասարկման ոլորտներ։ Սա արտացոլում է մոտ 5 տարի առաջ Հայաստանի իշխանությունների կողմից տնտեսական աճի հիմնական ուղղություններով հնչեցված և ներկայացված ռազմավարությունը։

Միակ բանը, որ կարելի է հստակեցնել այս ռազմավարության իրականացման ձևաչափում. տրանսպորտային բաղադրիչի՝ որպես տարանցիկ տարածքի առաջանցիկ աճի տեմպերի հույսերը դեռևս մնում են սոսկ ցանկություններ։ Արդյունաբերական աճի ձևավորման, արդյունաբերական հատվածի զարգացման և վերամշակման խորացման հետ կապված հարցերը նույնպես մնում են նախկին մակարդակին։

Եթե դիտարկում ենք մշակող արդյունաբերությունը, ապա այս տարի այն նվազեցրել է աճի տեմպերը»,-ասել է նա՝ հավելելով, որ նախկինում տեմպերը շատ ավելի բարձր էին, իսկ այժմ նկատվում է տասը տոկոսանոց անկում։

Այս ամենը, ըստ Միհրանյանի, վկայում է այն մասին, որ կենսամակարդակի, տնտեսական աճի որակի և այդ աճի երկարաժամկետ ավանդի հարցերն այսօրվա դրությամբ այլ որակական պարամետրերով հաստատում չեն գտնում։

«Կարելի է ենթադրել, որ հետագայում մենք տեսնելու ենք ծառայությունների ոլորտի ընդլայնում՝ բացի ֆինանսական ծառայություններից, թվայնացումից և ֆինտեխից։ Հնարավոր է այնպիսի գործունեության տեսակների որոշակի ընդլայնում, ինչպիսիք են ստեղծարար տնտեսությունը և թվային ծառայությունների ներդրումն առօրյա կյանքում՝ որպես մշտական սպասարկում։

Բայց, ցավոք, ՏՏ ոլորտի զարգացումը՝ որպես արտահանման բազա, որը կարող էր Հայաստանում «Սիլիկոնյան հովտի» նմանօրինակը ձևավորել և նպաստել նոր տեխնոլոգիական հատվածի ստեղծմանը, մենք դեռևս չենք տեսնում, քանի որ այս ոլորտում առկա է շատ բարձր մրցակցություն։ Շուկան արդեն բավականին խիստ է բաշխված»,-ասել է Միհրանյանը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում ներքին պահանջարկը սեղմվում է բարձր գնաճի, հարկային բարեփոխումներից հետո բնակչության եկամուտների փոփոխության պատճառով, ինչը կրճատում է գործարար ակտիվությունը, ինչպես նաև արտաքին սպառողների (ռելոկանտների) հեռանալու և կրճատման պատճառով, ինչպես դա տեղի էր ունենում 2022-2023 թվականներին։

Նա հավելել է, որ տնտեսության կայուն աճի համար անհրաժեշտ է ապահովել բեկումնային ելք դեպի արտաքին տարածաշրջանային և համաշխարհային շուկաներ։ «Դրա համար պետք է լինի ինտեգրացիոն համագործակցություն, ինչը մենք դեռ չենք տեսնում և ինչի համար հիմքեր չկան։ Նաև չի կարելի խոսել ներքին պահանջարկի ավելացման աղբյուրների առկայության մասին, քանի որ բնակչության եկամուտները չեն աճում այնպիսի տեմպերով, որոնք կխթանեին նման պահանջարկը»,-նշել է Միհրանյանը:

Փորձագետի կարծիքով՝ ԵՄ անդամ դառնալու Հայաստանի մտադրության մասին հայտարարություններն ունեն իրենց ազդեցությունները և հետևանքները երկրի տնտեսության համար։ «Բնականաբար, մենք ոչ միայն հայտարարություններ ենք տեսնում, այլև տեսնում ենք նման հայտարարությունների տնտեսական էֆեկտներն ու հետևանքները։

2024 թվականի քեյսը, որն ավարտվեց 2025 թվականին ռուսական ոսկու վերաարտահանման հաշվին լրացուցիչ եկամտի սպառմամբ, շատ բան է հուշում, քանի որ և՛ շրջանառությունները, և՛ ծավալները Հայաստանի տնտեսության համար չափազանց զգալի էին… Բացի այդ, մենք տեսնում ենք փոփոխություններ՝ կապված հին համագործակցային կապերով փոխգործակցության հնարավորությունների և եվրոպական շուկաներ դուրս գալու նոր փորձերի հետ։

Այստեղ կան մի քանի նրբություններ։ Դրանք առաջին հերթին մաքսային ընթացակարգերի կարգավորման հետ կապված հարցերն են, որոնք թույլ են տալիս ստանալ արտոնություններ և ազատ տեղաշարժել ապրանքները՝ առանց հավելյալ հարկային և սակագնային բեռի։ Սա իր հերթին անդրադառնում է ապրանքների գների և մրցունակության վրա։

Մյուս կողմից, մենք ունենք եվրոպական իշխանությունների հստակ կանոնակարգված պրակտիկան, որտեղ շուկա մուտքը կանոնակարգվում է շատ խիստ ստանդարտներով։ Յուրաքանչյուր երկրի համար քվոտաների ձևավորման պահանջները, նույնիսկ ասոցացման կամ անդամակցության դեպքում, լրջորեն սահմանափակում են հնարավորությունները»,-նշել է Միհրանյանը:

Տնտեսագետի խոսքով՝ ԵԱՏՄ շուկան եվրոպական շուկայի հետ փոխանակելու դեպքում Հայաստանը գործնականում կզրկվի գյուղատնտեսական արտադրանքի շուկայի հասանելիությունից կամ կսահմանափակվի քվոտաներով, ինչպես Մոլդովայի և Վրաստանի դեպքում է։ Եվ միաժամանակ, ԵԱՏՄ տարածք արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելն անհնար կդառնա։

«Մենք հասկանում ենք, որ այս դեպքում Հայաստանին չի հաջողվի «երկու աթոռի վրա նստել»։ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը և եվրոպական ստանդարտները բավականին արմատապես տարբերվում են»,-ընդգծել է Միհրանյանը:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն դադարի, բայց կտրանսֆորմացվեն։ «Երբ ասում են, թե Հայաստանի տնտեսությունը կանհետանա՝ դա տեղի չի ունենա։ Տնտեսական հարաբերությունները կպահպանվեն, բայց կվերափոխվեն։ Մենք կտեսնենք տեղական սպասարկման ոլորտների աճ՝ զբոսաշրջություն, հյուրընկալության ինդուստրիա, ֆինանսական ծառայություններ և սպասարկման այլ ոլորտներ։ Սակայն երկիրը դեռևս տրանսպորտային հաբ չէ. բացակայում են ենթակառուցվածքային առանցքային տարրերը՝ տրանսպորտային զարկերակները, խողովակաշարային համակարգերը և տարանցման այլ մեխանիզմները։ Արդյունքում հնարավոր է տնտեսական գործունեության սեղմում մինչև տեղական շուկաներ և անցում տնտեսության սպասարկման մոդելին, որը շատ առումներով նման է Վրաստանին, բայց առանց նրա տարանցիկ ներուժի»,-եզրափակել է Միհրանյանը:

Հիմա եթերում