ԵՄ դիտորդական առաքելությունն X միկրոբլոգից հեռացրել է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը հերքող գրառումը և ընդունել՝ Ադրբեջանը կրակել է
15 Օգոստոսի 2023, 17:14
ԵՄ դիտորդական առաքելությունն իր X միկրոբլոգից հեռացրել է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը հերքող գրառումը և ընդունել, որ առաքելության պարեկն ականատես է եղել ադրբեջանական կրակոցներին։
Հայաստանում ԵՄ առաքելությունը քիչ առաջ X միկրոբլոգից հեռացրել է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը հերքող գրառումը եւ «Հաղորդագրության ուղղում» վերնագրով նոր գրառում է տեղադրել, որտեղ նշված է. «Մենք հաստատում ենք, որ ԵՄ պարեկը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին։ ԵՄ առաքելության որևէ անդամ չի տուժել»:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը նախ հերքեց ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը Վերին Շորժայի հատվածում կրակել է դիտորդություն իրականացնող ԵՄ պարեկների ուղղությամբ։
Հերքումից կարճ ժամանակ անց, փաստորեն, ԵՄ առաքելությունը միկրոբլոգից հեռացրեց հերքման տեքստը եւ հանդես եկավ նոր մեկնաբանությամբ: Հեռացված հաղորդագրության մեջ Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել էր. «EUMA-ի (EU Mission in Armenia) ոչ մի պարեկ կրակոցի թիրախ չի եղել։ Մենք զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրութուն էր տարածել այն մասին, որ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։