ԵՄ գործադիր իշխանությունը չի կարող անվերջ հաշվի չառնել Եվրոպական խորհրդարանի կարծիքը․ Գասպար Կարապետյան

25 Հոկտեմբերի 2024, 13:56

Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի իր լիագումար նիստում ընդունել է «Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը՝ 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Այս քվեարկությանը երկու օր առաջ նախորդել էր այդ թեմայով խորհրդարանական քննարկում։

Բանաձևի նախաբանում Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP-29-ի անցկացման հետ, ապա ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ անում ձեռնարկել հնարավոր քայլեր, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովները հետագայում չանցկացվեն մարդու իրավունքների պաշտպանության գործում վատ ցուցանիշներ ունեցող երկրներում։

Եվրոպական խորհրդարանն արձանագրում է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակաբար վատթարացումը, միջազգային իրավունքի կոպիտ խախտումները՝ այդ թվում Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքը, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ խիստ սահմանափակումները, եվրոպական պաշտոնյաներին կաշառելու՝ «խավիարային դիվանագիտության» արատավոր մեխանիզմները, 2023թ․ Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը, միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված հարձակումը, էթնիկ զտումները, 23 հայերի՝ այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառումը, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան: Խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

Արդեն բանաձևի բուն տեքստում խորհրդարանը, COP 29-ին ընդառաջ, խստորեն դատապարտում է Ալիևի ռեժիմին, գործադիր իշխանությանը կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ հուշագիրը։ Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին հորդորում է դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից, դատապարտում է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, այդ թվում հիբրիդային հարձակումները, ողջունում է որոշ անդամ պետությունների կողմից Հայաստանին տրամադրվող պաշտպանական ռազմական օժանդակությունը։