ԵՄ-ի համար Հայաստանը պարզապես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիք է. Ալեքսանդր Սեմչենկո

Քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին, որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ Ազգային ժողովը։ Բացի այդ, անդրադարձել է նրան, թե ինչի կարող են հանգեցնել Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցերը:

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի եվրաինտեգրումը կարճ ժամանակահատվածում կարող է հանգեցնել երկրի կործանման:

«Կարելի է անալոգիա անել, երբ 2013 թվականին Ուկրաինայում սկսվեցին այդ բոլոր շարժումները դեպի Եվրոպական Միություն։ Ուկրաինան այն ժամանակ ավելի հեռուն գնաց, քան հիմա Հայաստանն է, որովհետև Հայաստանի այս օրինագիծն ընդհանրապես ոչնչի մասին է, այն ԵՄ-ի համար ոչ մի նշանակություն չունի և ոչինչ տեղի չի ունենա։ Իսկ այն ժամանակ Ռուսաստանն Ուկրաինային պատասխանել է նաև առևտրային մաքսային պատերազմներով, մարտերով, բայց ուկրաինական տնտեսության համար բավականին անշահավետ մարտերով։ Ռուսաստանը Ուկրաինայի խոշորագույն առևտրային գործընկերն էր, և այդ ամենը վատ էր ավարտվում ուկրաինական ձեռնարկությունների համար։ Նրանցից շատերը կորուստներ ունեցան, աշխատատեղերի թիվը կրճատվեց։ Արդյունքում՝ կորուստներն առաջին հերթին կրել է Ուկրաինան», — ասել է Սեմչենկոն։

Նրա խոսքով՝ Հայաստանի դեպքում Ռուսաստանը կարող է նույն բանը ձեռնարկել։

«Իսկ Հայաստանի համար, թերևս, ավելի վտանգավոր է, քան Ուկրաինայի համար։ Նախ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանը Հայաստանի առևտրային հաշվեկշռում ավելի մեծ մասնաբաժին է զբաղեցնում, քան Ուկրաինայում՝ մինչև Մայդանը։ Երկրորդ՝ Հայաստանն, այնուամենայնիվ, ավելի փոքր տնտեսական բազա ունի, քան Ուկրաինան։ Եվ նա գործնականում չունի սեփական ռեսուրսներով գոյատևելու հնարավորություն՝ ի տարբերություն Ուկրաինայի։ Այսինքն, ըստ էության, դա երկրի կործանումն է բավականին կարճ ժամանակահատվածում, բայց եթե դիտարկենք պատմական մասշտաբներով, ապա 10-15 տարի և կարող եք քարտեզից ջնջել ձեր Հայաստանը», — նշել է Սեմչենկոն։

Փորձագետի կարծիքով՝ ԵՄ-ի համար Հայաստանն ինքնին արժեք չէ, այլ պարզապես գործիք՝ ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա։

«Հայաստանն անգամ ռեսուրսային բազա չէ։ Այսինքն՝ Եվրոպական Միությունը Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն չունի, միակ նպատակը Ռուսաստանի հետաքրքրություններն Անդրկովկասում նվազեցնելն է։ Թերևս միայն դա։ Բայց այստեղ, կրկին, Հայաստանն ինքնարժեք չէ, այլ պարզապես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիք», — ասել է Սեմչենկոն։

Խոսելով Թուրքիայում տիրող իրավիճակի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիաների մասին՝ փորձագետը նշել է, որ ցանկացած բռնակալություն ավարտվում է ապստամբությամբ:

«Ես վստահ չեմ, որ Թուրքիայում հեղափոխության համար իրավիճակ է հասունացել։ Էրդողանը բավական հմտորեն հետ է մղել ընդդիմությանը։ Բայց ցանկացած բռնակալություն ավարտվում է ապստամբությամբ։ Ի վերջո հայտնվում է առաջ տանող ուժ, որը հեղափոխություն է իրականացնում ։

Թուրքիան ունի իր խնդիրները, այնտեղ բավականին բարձր գնաճ կա։ Ստամբուլ քաղաքը մեծ է, և կան բավականին մեծ թվով մարդիկ, որոնք ապրում են աղքատության մեջ: Նրանք իսկապես հնարավորություն չունեն գոյատևելու ներկա պայմաններում։ Մարդիկ ապրում են մեկ, երկու, երեք վարկով, և մարդիկ աշխատանք չունեն», — եզրափակել է Սեմչենկոն։