ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն ցույց կտար հայ ժողովրդի մոտ նման ցանկության բացակայությունը. Դմիտրի Ռոդիոնով

02 Հուլիսի 2024, 00:00

Քաղաքականություն

Ինովացիոն զարգացման ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։

«Միանգամայն ակնհայտ է ցանկացած քիչ թե շատ ողջախոհ մարդու համար, որ ԵՄ-ում ոչ ոք Հայաստանին չի ընդունի։ Այնտեղ չեն ընդունի, իհարկե, ոչ Ուկրաինան, ոչ Մոլդովան, ոչ Վրաստանը։Բայց նրանց գոնե թեկնածուի կարգավիճակ են տվել, իսկ Հայաստանին նույնիսկ այդ կարգավիճակը ոչ ոք չի նախատեսում տալ։ Չնայած, մենք գիտենք, որ թեկնածուի կարգավիճակով կարող ես տասնամյակներ շարունակ նստել։

Իսկ ինչ վերաբերում է հայ ժողովրդի, այսպես կոչված, եվրոպական նկրտումներին, որոնց մասին խոսում է Փաշինյանը, ապա ակնհայտ է, որ այդ եվրոպական նկրտումները միայն նրա գլխում են։ Եթե անգամ նման գաղափարը դրվի հանրաքվեի, ապա դա բացարձակ ձախողում կլինի։ Եթե ԵՄ-ն ցանկանար Հայաստանին ընդունել իր անդամակցության մեջ, նրանք հանրաքվե չէին անցկացնի, քանի որ դա ցույց կտա, որ հայ ժողովուրդը ցանկություն չունի անդամակցելու ԵՄ-ին»,- ասել է Ռոդիոնովը։

Ըստ փորձագետի՝ հնարավոր եվրաինտեգրման մասին Փաշինյանի բոլոր խոսակցությունները երկրում տեղի ունեցող իրադարձություններից ուշադրությունը շեղելու փորձ են:

«Ինձ թվում է, որ Փաշինյանի կողմից պոտենցիալ եվրաինտեգրման մասին այս բոլոր խոսակցությունները փորձ են շեղել ուշադրությունը երկրում տեղի ունեցածից, այն բողոքական տրամադրություններից, որոնք հիմա տեղի են ունենում։ Ոչ ոք չի խոստացել Հայաստանին ԵՄ տանել, ոչ ոք նույնիսկ նման թեմա չի բարձրացրել ինչ-որ եվրոպացի պաշտոնյաների մակարդակով։

Հայաստանի իշխանությունները պետք է ինչ-որ կերպ շեղեն հասարակության ուշադրությունը երկրում տեղի ունեցող ողջ բացասականից։ Եվ հենց դրա համար էլ այս թեման դուրս են նետում քննարկման։ Սկզբունքորեն, ոչ ոք չէր պատրաստվում անցկացնել այս հանրաքվեն, քանի որ, նախ, այն կբացահայտի բավականին թույլ աջակցություն, ես դրանում գրեթե 100%-ով համոզված եմ։

Եվ երկրորդ, իսկապես, կարելի է պատկերացնել նաև մեկ այլ իրավիճակ, որ, այնուամենայնիվ, ինչ-որ թվով մարդիկ այս հանրաքվեում կքվեարկեին Եվրամիությանն անդամակցելու օգտին։Բայց հարցն այն է, թե ինչ կասի Փաշինյանն այս մարդկանց»,- եզրափակել է Ռոդիոնովը։

Հիմա եթերում