Անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին փոխադարձաբար ընդունելի չէ. Զախարովա
27 Մարտի 2025, 16:06

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը կանգ է առել Արևմուտքի ապակառուցողական ազդեցության պատճառով, Հայաստանի դիրքորոշումը նույնպես հաճախ հարցեր է առաջացնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը հիշեցրել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման չափազանց կարևոր խնդրի լուծման համար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունների համաձայն ստեղծվել է պրոֆիլային եռակողմ աշխատանքային խումբ:
«Դրա շրջանակներում հսկայական աշխատանք է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղիների վերականգնման ինչպես իրավական հիմքերի, այնպես էլ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման ուղղությամբ՝ փոխադարձ ինքնիշխանության սկզբունքների հիման վրա», — փաստել է նա:
Սակայն, ըստ դիվանագետի, վերջին շրջանում իրավիճակն այդ ուղղությամբ բարդացել է։
«Մենք տեսնում ենք արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցությունը, և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հաճախ հարցեր է առաջացնում մեզ մոտ։ Եվ ահա այս երկու գործոնների պատճառով խմբում համագործակցությունը կանգ է առել»։
Մենք վստահ ենք, որ հիշյալ խմբում լիարժեք փոխգործակցության շուտափույթ վերականգնումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տրանսպորտային-լոգիստիկ համակարգի վերականգնմանը, թույլ կտա այն ներառել Եվրոպայից Ասիա և հակառակ ուղղությամբ բեռների փոխադրման ավելի մասշտաբային սխեմաներում, այլևկապահովի Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումը», — ընդգծել Է Զախարովան:
Նա նաև մեկնաբանել է ՀՀ Ազգայինժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին օրինագծին՝ նշելով, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին իրարամերժ գործոններ են:
«ԵՄ-ին անդամակցությունը և ԵԱՏՄ-ին անդամակցությունը փոխադարձ ընդունելի բաներ չեն։ Դրանք, ցավոք, կամ բարեբախտաբար (դա յուրաքանչյուրը կարող է ինքն իր համար որոշել) իրարամերժ բաներ են՝ ելնելով գաղափարական կամ քաղաքական վերաբերմունքից», — ասել է դիվանագետը։