ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան շահագրգռված չեն ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմամբ․ Գրիգոր Բալասանյան

11 Դեկտեմբերի 2025, 20:30

Կարծիք | Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր քաղաքականությամբ հասել է նրան, որ Դոնալդ Թրամփն ուղիղ կերպով պահանջեց նախագահական ընտրությունների անցկացում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«Թրամփը Զելենսկուն զգուշացրել էր, որ գնալով բանակցային գործընթացում Ուկրաինայի շանսերը պակասելու են, ինպես նաև ավելի են մեծանալու տարածքային կորուստները։ Նա առաջարկում էր ժամանակին պայմանագիր ստորագրել, բայց կարծում եմ՝ Զելենսկին համառում է ոչ թե այն պատճառով, որ դա հատուկ ստրատեգիա է և ցանկանում է ինչ-որ հարցեր ի օգուտ Ուկրաինայի լուծել, այլ ուղղակի Զելենսկուն չեն թողնում, որ նա ստորագրի այդ խաղաղության պայմանագիրը։

Չեն թողնում այն ուժերը, որոնք շահագրգռված չեն ռազմական գործողությունների դադարեցմամբ։ Խոսքը առաջին հերթին Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի մասին»,-նշել է Բալասանյանը։

Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ պայմանագրում հստակեցված չեն այն սկզբնապատճառները, որի համար սկսվել է հատուկ ռազմական գործողությունը։