ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մինչև տարեվերջ ավարտին հասցնել կարգավորման գործընթացը

27 Հոկտեմբերի 2023, 17:58

Քաղաքականություն

Հոկտեմբերի 26-27-ին տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում անդրադարձ է արվել Հարավային Կովկասին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:

Եվրոպական խորհուրդն ընդգծում է իր շարունակական աջակցությունը՝ առաջ տանելու ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղության հաստատումը: Եվրոպական խորհուրդն ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները:

Այն վերահաստատում է Բրյուսելի աջակցությունը հարաբերությունների բարելավման գործընթացին և կողմերին կոչ է անում մինչև տարեվերջ ավարտին հասցնել այս գործընթացը։

Եվրոպական խորհուրդը հրավիրում է Գերագույն ներկայացուցչին և Եվրոպական հանձնաժողովին՝ ներկայացնելու տարբերակներ այն մասին, թե ինչպես բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ հայտարարել է, թե ԵՄ-ն կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում.

«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Վճռականորեն ենք տրամադրված շարունակել գործել որպես միջնորդներ՝ նպաստելու Եվրամիության աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որը հիմնված է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա», — ասել է Միշելը: