ԵՄ-ն ՀՀ-ի անդամակցության գործընթացի նախաձեռնությանը դրական է արձագանքում, բայց խոստում չի տալիս. Արամ Գևորգյան

14 Հունվարի 2025, 21:30

Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի լրատվական կապերի պատասխանատու Արամ Գևորգյանի հետ:

«Կարևոր է հասկանալ, որ թեև կառավարությունը հավանություն է տվել նախագծին, բայց նրանք նշում են, որ սա ընդամենը նախաձեռնություն է և երկար ճանապարհ պետք է դեռ անցնեն: Նրանք այս հարցում ճիշտ են: Սա տարբերակ է Եվրամիությանը ցույց տալու, որ Հայաստանում այս հարցի շուրջ ակտիվություն կա, և երկիրը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին: Բայց եթե ԵՄ-ն դիտարկի վերջինիս անդամակցության հարցը, ապա ՀՀ-ից պահանջելու են մի շարք փոփոխություններ: Ներքին փոփոխություններ պետք է լինեն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով, և թե ռուս-հայկական հարաբերությունների առումով: Եթե դիտարկենք Վրաստանի և Մոլդովայի օրինակներով, ապա կտեսնենք, որ միայն Մոլդովան թեկնածուի կարգավիճակ ստացավ: Ինչու՞, քանի որ Վրաստանի և ՌԴ-ի հարաբերությունները շատ ավելի մեղմ էին, ի տարբերություն Մոլդովայի:

Չմոռանանք նաև, որ Հայաստանում ռուսական զինվորական ռազմաբազա կա, ինչը ևս լուրջ խնդիր է ԵՄ-ի համար: Եվ բացի այս, ճիշտ է՝ ԵՄ-ն ՀՀ-ի անդամակցության գործընթացի նախաձեռնությանը դրական է արձագանքել, բայց խոստումներ չի տվել»,- նշել է Գևորգյանը:

Խոսելով վերջին տարիներին Հայաստանի իշխանության գործողություններին ԵՄ-ի վերաբերմունքի մասին՝ Գևորգյանմն ընդգծել է. «Եթե խոսենք «Սրբազան շարժման» անդամների նկատմամբ վերաբերմունքի մասին, պետք է նշեմ, որ դրանք բացասական ազդեցություն չունեցան Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների վրա: Իսկ եթե անդրադառնանք պատճառններին, ապա պետք է նշել, որ Եվրոպայում լրատվամիջոցները համապատասխան ուշադրություն չէին ցուցաբերում և չէին լուսաբանում կատարվողը»:

Ըստ բանախոսի՝ ի տարբերություն Վրաստանի, որը գնում էր դեպի Եվրամիություն, Թբիլիսիի ցույցերը Եվրոպայում բավարար լուսաբանվել են: