ԵՄ-ն պետք է ավելի պահանջկոտ լինի Լեռնային Ղարաբաղի հայերի պաշտպանության հարցում. ԵԽ պատգամավոր

14 Սեպտեմբերի 2023, 22:15

Կարծիք | Քաղաքականություն

Եվրոպական Միությունը պետք է լինի ավելի ուժեղ և ավելի պահանջկոտ՝ փորձելով պաշտպանել հայերին Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտնել է հոլանդացի պատգամավոր Թինեկե Ստրիկը՝ մեկնաբանելով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի ելույթը:

Նրա խոսքով ՝ նաև անհրաժեշտության դեպքում պետք է օգնել հայերին անվտանգ հեռանալ։

«Բայց մենք չպետք է ելնենք այն հիմքից, որ բոլորը պետք է հեռանան, ես նկատի ունեմ, որ մարդիկ պետք է հնարավորություն ունենան ապրել այնտեղ, և դա պետք է լինի մեր քաղաքականությունը, որն ուղղված է նրանց պաշտպանությունն ապահովելուն այնտեղ, որտեղ նրանք միշտ ապրել են, և որտեղ պետք է հնարավորություն ունենան կառուցել իրենց ապագան», — նշել է նա:

Անդրադառնալով նրան՝ որ Եվրահանձնաժողովի ղեկավարն իր ելույթում չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղում հայերի իրավիճակին, պատգամավորը նշել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենն, իսկապես, չի անդրադարձել այդ թեմային եւ ընդհանուր գծերով խոսել է արտաքին քաղաքականության մասին:

«Եվրահանձնաժողովի ղեկավարը շատ մեծ ուշադրություն է դարձրել Պուտինին և այն փաստին, որ ԵՄ-ն պետք է ինքնավար դառնա և կախված չլինի ավտոկրատ ռեժիմներից։ Խնդիրը (Լեռնային Ղարաբաղում) չի շոշափվել, ինչպես նաև այն հարցը, թե ինչպես մենք կարող ենք երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը ԵՄ-ից դուրս, առաջ տանել արդար պետական կառավարման և մարդու իրավունքների գաղափարը։

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք անել զգալիորեն ավելին. հասկանում եմ, որ չի կարելի թվարկել աշխարհի բոլոր հակամարտություններն ու իրավիճակները, բայց նա կարող էր ավելի համոզիչ և հետևողական լինել Լեռնային Ղարաբաղի հայերին սատարելու հարցում, որոնք իսկապես մեր աջակցության և պաշտպանության կարիքն ունեն», — ասել է պատգամավորը։

Խոսելով այն մասին, որ ոչ վաղ անցյալում Եվրահանձնաժողովի ղեկավարը Ադրբեջանին ԵՄ հուսալի էներգետիկ գործընկեր էր անվանում Ռուսաստանի կողմից էներգետիկ շրջափակման ֆոնին, թեեւ Եվրախորհրդարանում արդեն հայտարարվել էր, որ Ադրբեջանը ռուսական գազ է մատակարարում իր խողովակաշարերով, Ստրիկը նշել է, որ ԵՄ-ն շատ բան է արել այդ կախվածությունը նվազեցնելու համար, սակայն իրականում այդ խնդիրը դեռեւս լուծված չէ:

«Այդ պատճառով մենք պետք է շատ ավելին անենք, և այդ ժամանակ կարող ենք, իսկապես, պահանջկոտ դառնալ, երբ լիովին անկախ լինենք ռուսական գազից։ Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք ավելի շատ միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ, որպեսզի կարողանանք լիովին աջակցել այդ քաղաքականությունից տուժած մարդկանց», — նշել է նա։