ԵՄ-ն փորձում է մեծացնել ազդեցությունը հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում. Հակոբ Բադալյան
08 Հունիսի 2023, 14:50
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Եվրամիության կողմից առաջիկայում Կապանում, Եղեգնաձորում եւ Իջեւանում նախատեսվող օպերատիվ շտաբների բացումը քաղաքական նպատակով է արվում:
«Հայատարարված է, որ ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակը սահմանների կայունությանը նպաստելն է, Ադրբեջանին՝ զսպելը: Բայց այդպիսի որոշումները կայացվում են նաեւ քաղաքական այլ նպատակներով:
Տվյալ դեպքում Եվրոպական միությունը փորձում է մեծացնել իր ազդեցությունն ու ներգրավվածությունը Հարավային Կովկասում, նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում, որը պարզապես երկկողմ հակամարտություն չէ, այլեւ աշխարհաքաղաքական կարեւոր նշանակություն ունեցող հարց է:
Նոր օպերատիվ կենտրոնների տեղակայումը կարծես թե դիտորդական առաքելության գործունեության կառուցվածքի մաս են կազմում եւ այդ կառուցվածքի տրամաբանության շրջանակում փորձում են ծավալվել սահմանի ամբողջ երկայնքով»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Հակոբ Բադալյանը՝ նկատելով, սակայն, քաղաքացիական առաքելության դանդաղ ծավալումը:
Նա հիշեցրեց Տեղ եւ Սոթք գյուղերում տեղի ունեցած վերջին միջադեպերը, որի ժամանակ դժգոհություններ էին հնչել ԵՄ առաքելության գործունեության հետ կապված եւ պատասխան էր հնչել, թե առաքելությունն ամբողջովին ծավալված չէ սահմանին:
«Հարց էր առաջանում, թե ինչո՞ւ լիարժեք ծավալված չեն ու այդ գործընթացը ամիսներ է տեւում: Իսկ այդ ամիսների հանգամանքը բերում էր խնդիրների, որոնք թույլ էին տալիս մանեւրել պատասխանատավության հարցում»,- նշեց Հակոբ Բադալյանը:
Նրա խոսքով՝ դեռ պետք է պարզաբանել, թե ինչ սկզբունքով են տեղադրվելու նոր օպերատիվ կենտրոնները եւ արդյոք դրանք արդյունավետ են, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել ադրբեջանական սադրանքներին:
«ԵՄ առաքելության հետ կապված հարցերը շատ են, օրինակ՝ առաքելության ղեկավարը շաբաթներ առաջ հարցազրույցներից մեկում նշել էր, թե ադրբեջանական կողմին իրազեկում են որեւէ ուղղությամբ մոնիթորինգ իրականացնելուց մի քանի օր առաջ:
Իսկ Ադրբեջանը տեղեկանելով այդ մասին պարզապես տվյալ ժամանակահատվածում որեւէ սադրանք չի իրականացնում այդ ուղղությամբ, փոխարենը ստացվում է, որ ադրբեջանական սադրանքի ուղղությամբ մենք չէինք ունեցել, չէինք տեսել Եվրադիտորդների ներկայությունը:
Այս հարցերը պետք է հայկական հանրությունը տա ԵՄ դիտորդներին, որպեսզի նրանք ԵՄ քաղաքական խնդիրներն ու նպատակները սպասարկելուց բացի, նաեւ արդյունավետ ծառայեն Հայաստանի անվտանգությանը, սահմանային կայունությանն ու շահերին»,- ասաց Հակոբ Բադալյանը:
Հիշեցնենք՝ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտնել է, որ առաջիկա երեք ամիսներին նոր օպերատիվ կենտրոններ են բացվելու Կապանում, Եղեգնաձորում եւ Իջեւանում:
ԵՄ-ն 2023 թ. փետրվարի վերջից Հայաստանում առաքելություն է իրականացնում սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացման նպատակով: Հայտարարվել է, որ առաքելության 100 քաղաքացիական դիտորդները պարեկություն են իրականացնում Գորիսում, Ջերմուկում եւ Մարտունիում:
ԵՄ դիտորդները երկու տարով են առաքելություն իրականացնելու Հայաստանում: Նրանց օպերատիվ շտաբը Եղեգնաձորում է