ԵՄ-ում Հայաստանին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա. եվրապատգամավոր
19 Մարտի 2024, 17:00
Եվրոպական մի շարք երկրների երկմտանքը Հայաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում կապված են ՀԱՊԿ-ին նրա անդամակցության հետ։ Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակության ղեկավար, Էստոնիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը՝ անդրադառնալով մարտի 13-ին Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան սերտ կապերի և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևի ընդունման արդյունքներին։
«Այս խորհրդարանի լիազորությունների ժամկետը մոտենում է ավարտին, և մենք մտածեցինք, որ շատ օգտակար կլինի Հայաստան-ԵՄ հարաբերությունների յուրատեսակ վերանայում անցկացնել, քանի որ վերջին տարիներին դրանք մեծ զարգացում են ապրել: Այո, Լեռնային Ղարաբաղում պատերազմ է եղել, տառապանքները շատ են, բայց նշեմ, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններն ավելի են սերտացել։ Այդ պատճառով մենք որոշեցինք ընդունել բանաձև, որտեղ պարզապես ներկայացրեցինք ԵՄ-Հայաստան հարաբերությունների այսօրվա պատկերը։
Մենք տեսնում ենք, որ համագործակցությունը կարող է ընդլայնվել գրեթե բոլոր ոլորտներում: Թեմաներից մեկը խաղաղապահ հիմնադրամի շրջանակներում համագործակցությունն է։ Քանի դեռ Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին, որոշ անդամ երկրների կողմից կա որոշակի երկտանք, բայց մենք ընդլայնում ենք նաև անդամ երկրների երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության, ինչպես նաև տնտեսական և հումանիտար համագործակցության ոլորտներում»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա այս պահին ուսումնասիրում են ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունները, ըստ որի՝ Հայաստանը կարող է դիտարկել ԵՄ թեկնածուի կարգավիճակի հայտ ներկայացնելու հնարավորությունը:
«Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը գնալ դրան։ Սա իմ հարցը չէ, սա իշխանությունների հարցն է։ Կարող եմ միայն ասել, որ այս փուլում Հայաստանին թեկնածուի կարգավիճակ տալու հարցում ԵՄ-ում միասնական աջակցություն չեմ տեսնում։ Մենք տեսանք, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի հետ։ Մինչ կարգավիճակի տրամադրումը որոշ ժամանակ անհրաժեշտ եղավ, պահանջվեցին բազմաթիվ ժողովրդավարական բարեփոխումներ։ Այո, դա իրավական փաստաթուղթ չէ, դա քաղաքական հայտարարություն է, բայց դա մեծ խաղադրույք է, որն ունի հսկայական քաղաքական ազդեցություն, և, հետևաբար, պետք է շատ ուշադիր վերաբերվել դրան: Թեկնածուի կարգավիճակի ճանապարհին դեռ շատ միջոցներ կան ձեռնարկելու՝ վերացնել ռուսական հիմքը, այդքան էլ հույսը չդնել ռուսական տնտեսության վրա, անցկացնել ժողովրդավարական բարեփոխումներ։ Ես կարող եմ շարունակել քննարկել այն տարբեր ոլորտները, որոնցում Հայաստանը դեռ պետք է առաջընթաց գրանցի: Կարծում եմ՝ Վրաստանը կարող է լավ օրինակ դառնալ։ Նա ստացել է թեկնածուի կարգավիճակ և, հավանաբար, մոտ ապագայում կսկսի անդամակցության բանակցությունները, և դա այն է, ինչը պետք է հույս տա Հայաստանին, եթե նա ցանկանում է շարունակել գնալ այդ ճանապարհով», — նշել է Կալյուրանդը։
Խոսելով պատերազմի վերսկսման աճող սպառնալիքի մասին, ինչպես նաև այն մասին, թե ով կարող է անվտանգության երաշխիքներ տրամադրել, օգնել և պաշտպանել Հայաստանին ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու մասին Երևանի հայտարարությունից հետո, նա ասաց, որ այդ հարցին միանշանակ պատասխան չկա:
«ԵՄ-ն հաստատ անվտանգության կազմակերպություն չէ։ Ուստի խաղաղության եվրոպական հիմնադրամը մի բան է, բայց ես կցանկանայի նաև նշել ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը, որն այսօր ապահովում է խաղաղություն և անվտանգություն Հայաստանում և սահմանին: Մենք աշխատում ենք Բաքվի հետ, որպեսզի նա նույնպես ճանաչի դիտորդների աշխատանքը։ Մենք ավելացրել ենք դիտորդական առաքելության կազմը և մեր ներկայությամբ փորձում ենք ավելի շատ անվտանգություն ապահովել, բայց, ինչպես ասացի, ԵՄ-ն ռազմական կազմակերպություն չէ։ Եվ հենց այդ պատճառով մենք շատ բարեհաճ ենք վերաբերվում անվտանգության ոլորտում երկկողմ համաձայնագրերին, որոնք Հայաստանը կնքում է այլ երկրների, օրինակ՝ Ֆրանսիայի հետ»,- նշել է եվրապատգամավորը։