ԵՄ ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդական ջանքերում ձախողել է․ Նատալի Լուազո

03 Հոկտեմբերի 2023, 20:20

Քաղաքականություն

«Այսօրվա բանավեճն իմ նախաձեռնությունն է, և ես խնդրել եմ բանաձև ընդունել, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, բարկացնող է», – Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանում «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքների» շուրջ քննարկումները:

«Ես ոչ միայն տխուր եմ, այլև զայրացած եմ և ամաչում եմ միջազգային հանրության համար, որովհետև հայ ժողովուրդն առաջին Ցեղասպանությունը վերապրել է 20-րդ դարում, իսկ այժմ ապրում է առաջին էթնիկ զտումը 21-րդ դարում։ Մենք չկարողացանք կանխել դա, և այժմ պետք է գործենք, մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Ալիևի ռեժիմի նկատմամբ՝ հրադադարի ռեժիմի, պարտավորությունների և մարդու իրավունքների խախտման համար։

Մենք պետք է ուժեղացնենք ԵՄ առաքելությունը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, քանի որ այժմ Հայաստանն` ինքը, վտանգի տակ է։ Մենք պետք է հուսալի միջազգային ներկայություն ունենանք Լեռնային Ղարաբաղում, այլ ոչ թե, այսպես կոչված, ռուս խաղաղապահների կամ ՄԱԿ-ի կողմից ուղարկված մարդկանց, որոնք ընտրվել են Ադրբեջանի կողմից», — նշել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի առաքելության զեկույցը, թե ինչ են տեսել Լեռնային Ղարաբաղում, սկանդալ է:

Նրա խոսքով ՝ Եվրախորհրդարանը բազմաթիվ նախազգուշացումներ է ուղարկել ԵՄ Խորհրդին և Եվրահանձնաժողովին: «Մենք խոսում էինք սպառնալիքների մասին, բայց մեզ չէին լսում։ Հուսով եմ, որ խորհուրդն ու հանձնաժողովը դասեր կքաղեն իրենց սխալներից և կսկսեն լսել մեզ: Մենք ցանկանում ենք ճնշում գործադրել որոշում կայացնողների վրա, քանի որ նրանք ձախողել են միջնորդության հարցում։ Հարավաֆրիկյան արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն մի անգամ ասել է. «Եթե դուք չեզոք եք անարդարության իրավիճակներում, դուք ընտրել եք ճնշողի կողմը», և ես չեմ ուզում, որ մենք բռնենք ճնշողի կողմը», — նշել է նա: