Էմին Անտոնյան. ՌԴ-ում կիբերսպորտի ամենահայտնի և պահանջված մասնագետներից մեկը

21 Փետրվարի 2024, 22:46

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 21-ին լրանում է գործարար, սպորտային ֆունկցիոներ, «MegaFon»-ի խորհրդի անդամ և Բասկետբոլի միացյալ ասոցիացիայի համահիմնադիր Էմին Անտոնյանի 42-ամյակը։

Էմին Անտոնյանը ծնվել է 1982 թվականի փետրվարի 21-ին Երևանում։ Մի քանի տարի անց նա ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Ստացել է բարձրագույն կրթություն երեք տարբեր պետական բուհերում՝ տարբեր մասնագիտություններով՝ տնտեսագետ-մենեջեր, իրավաբան, ֆինանսիստ։

Իրավաբանական ինստիտուտում նա նույնիսկ պաշտպանել է թեկնածուական թեզ։ Էմինը նաև սովորել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանում՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

Էմին Անտոնյանն աշխատել է ֆինանսների ոլորտում, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել խոշոր բանկերում՝ լինելով դրամական փոխանցումների համակարգի զարգացման պատասխանատու։ 2020 թվականին Անտոնյանն ընտրվել է «MegaFon»-ի տնօրենների խորհրդի անդամ, 2021 թվականին նշանակվել է հեռահաղորդակցության օպերատորի կորպորատիվ և պետական հատվածների զարգացման կոմերցիոն տնօրեն, իսկ տնօրենների խորհրդից տեղափոխվել է ընկերության խորհուրդ։

2010 թվականին գլխավորել է Մոսկվայի բասկետբոլի լիգան, ղեկավարել մոսկովյան բասկետբոլի խոշոր մրցաշարերի անցկացումը՝ Մոսկվայի առաջնություն, Մոսկվայի Սուպերգավաթ և այլն:

Անտոնյանը 2016 թվականին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության համակարգչային սպորտի ֆեդերացիայի խորհրդի նախագահ և գլխավոր քարտուղար՝ դառնալով դաշնային նոր նախագծերի նախաձեռնման պատասխանատու։ Նրա աջակցությամբ Ռուսաստանում անցկացվել է կիբերսպորտի գավաթը, որին մասնակցել է ավելի քան 11 հազար մարդ

Անտոնյանի գլխավորությամբ ստեղծվել է Համառուսաստանյան ուսանողական լիգան, որը կիբերսպորտային մրցումներում միավորել է ավելի քան 100 բուհ։ Բացի այդ, ստեղծվել է ՌԴ համակարգչային սպորտի ֆեդերացիայի ավելի քան 66 ներկայացուցչություն երկրի մարզերում:

«Մենք ակտիվ քայլերով մոտենում ենք համակարգչային սպորտի առաջատարներին՝ Հարավային Կորեային և ԱՄՆ-ին»»,- Անտոնյանի հենց այս խոսքերն են գրել Forbes-ի սյունակում:

Էմին Անտոնյանն այժմ Ռուսաստանի Դաշնությունում կիբերսպորտի ամենահայտնի և պահանջված մասնագետներից մեկն է։