Ենթադրելի է՝ Հայաստանի հարցում Անկարայի և Բաքվի դերն է դրդել Պակիստանին գնալ այդ քայլին. Կոստանյան
05 Սեպտեմբերի 2025, 20:30
Միջազգայնագետ, արևելագետ Արարատ Կոստանյանը դրական է գնահատում Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հայտարարությունը, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ այն որևէ կետ չի ներառում ռազմական գործակցության կամ էլ դաշնակցային հարաբերություններ ստեղծելու մասին, այլ միայն ցանկությունների մասին հայտարարություն է:
«Չինաստանում կազմակերպած միջոցառմանը Հայաստանի անդամակցությունը դրական է, սակայն, պետք է հաշվի առնել, որ չլինեն միայն այդպիսի հայտարարություններ, այլ ավելի հստակ ակնկալիքներ պետք է ունենալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունից: Չինաստանը պետք է կարողանա ավելի լուրջ ընկալել Հայաստանին և Հայաստանն էլ իր կողմից պետք է ինչ-որ ակնկալիքներ ունենա այդ նախաձեռնությունից, որը հօգուտ Հայաստանի կլինի, որովհետև վերջին տարիներին շատ հստակ էր, որ Վրաստանի ու Ադրբեջանի կողմ էր ուշադրություն դարձնում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, բայց ես կարծում եմ, որ այդ ցամաքային ճանապարհի վրա Հայաստանի դերը պետք է ավելի կարևոր լինի և մեր իշխանությունները պետք է կարողանան սա գործոն դարձնել և Հայաստանի տարածաշրջանային դերն ավելի բարձրացնել»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արարատ Կոստանյանը:
Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ցանկություն էր հայտնել, բայց Պակիստանը արգելափակել է Հայաստանի հայտը: Սա այն դեպքում, երբ հենց Չինաստանում ՀՀ ԱԳ նախարարն ու Պուկիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարարը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ:
Արարատ Կոստանյանը նշում է՝ այս հարցում Պակիստանի դիրքորոշումը կառուցողական չէր:
«Պակիստանն ու Հնդկաստանն իրենց հարցերը լուծում են բալանսավորման քաղաքականության շրջանակում, մեկն ավելի սատարելով հայկական կողմին, մյուսը՝ ադրբեջանականին: Կարծում եմ՝սա կառուցողական չէ, որովհետև եթե այդպիսի կազմակերպությունում ֆորմատ ստեղծվեց, որտեղ նույնիսկ խոսվում է արդեն նոր աշխարհակարգ ստեղծու հայեցակարգի մասին, դրական չէ, որ նման իրավիճակ տեղի ունենա և վետո դրվի ու հետկոնֆլիկտային մթնոլորտ ստեղծվի: Պակիստանը մի կողմից դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու մասին է հայտարարում, մյուս կողմից վետո է դնում Հայաստանի վրա, սա միջազգային հարաբերություններում անհասկանալի երևույթ է, որը ցույց է տալիս, որ այդ կոնֆլիկտը դեռևս լուծված չէ….Նախկինում Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Պակիստանի վրա ազդեցությունից կարող ենք կռահել, որ այստեղ գուցե եղել է Ադրբեջանի ու Թուրքիայի դերը, որպեսզի Հայաստանի վրա ճնշում բանեցնեն, որ Հայաստանը Անկարայի և Բաքվի հետ բանակցություններում զիջումների գնա, իհարկե, չունենալով հստակ ապացույցներ, կարելի է ենթադրել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի դերն է դրդել Պակիստանին գնալ այդպիսի քայլի, որովհետև տրամաբանական չէ հայտարարել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և բացասական մեսիջներ հղել»,- նկատեց արևելագետը: