ԵՊՀ մի շարք դասախոսներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը և աջակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
15 Մայիսի 2024, 15:05
ԵՊՀ մի շարք դասախոսներ, արձագանքելով Տավուշի մարզում «սահմանազատման» ապօրինի գործընթացում ՀՀ տարածքային կորուստներին և դրանով պայմանավորված` Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ սկսված շարժմանը, հայտարարություն են տարածել, որին կարող են միանալ ՀՀ ուսումնական բոլոր հաստատություններում դասավանդողները և ակադեմիական գիտաշխատողները։ Միանալու համար հարկավոր է սույն գրառման տակ «+» նշանը դնել և գրել Ձեր անունը և ազգանունը, առկայության դեպքում` գիտական աստիճանը և կոչումը։
Նախաձեռնությանը հնարավոր է միանալ նաև պարզապես այդ մասին ուղղակիորեն հայտնելով, քանի որ շատ դասախոսներ, ուսուցիչներ և գիտաշխատողներ չունեն սոցիալական ցանցերում օգտահաշիվներ։
Ամբողջական տեքստը ստորև`
ԵՊՀ ՄԻ ՇԱՐՔ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հայտարարությունը բաց է կրթության և գիտության ոլորտում աշխատող բոլոր անձանց համար։
Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ Տավուշի մարզի տարածքում «սահմանազատման» հապճեպ գործընթացի շրջանակում ՀՀ իշխանությունները կատարում են միակողմանի տարածքային զիջումներ, որոնք հակասում են ՀՀ կենսական շահերին և լրջագույն ռիսկեր առաջացնում պետության անվտանգության համար։ ՀՀ վարչապետը պնդում է, որ դրանով իբրև թե նվազում է ադրբեջանական կողմի՝ ՀՀ վրա հարձակվելու հավանականությունը, սակայն հենց ինքն էլ ընդունում է, որ այդ զիջումներով չի կարող երաշխավորել պատերազմի բացառումը և խաղաղության հաստատումը։ Տարածքային զիջումների այս նոր փուլում իշխող ուժի կողմից որպես հիմնավորում նշվում է նաև «ինքնիշխանության» ապահովումը՝ անտեսելով, որ ինքնիշխանությունը սկսվում է տարածքի նկատմամբ վերահսկողության պահպանումից։ Արցախի կորստից հետո Տավուշում քաղաքական նման կեցվածքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը, տարածքային նորանոր զիջումների պատրաստակամություն դրսևորելով, ի զորու չէ երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը և նվազագույն չափով անգամ ապահովել անվտանգ ապագա ՀՀ քաղաքացիների համար։ Չի կարող տարածքային զիջում ենթադրող արտաքին քաղաքական կուրսը կեղծորեն որակվել «պետականամետ» կամ «պետականակենտրոն», ինչպես հիմա փորձում են պնդել իշխանական քարոզիչները, որովհետև պետության կարևորագույն բնորոշիչը տարածքն է։
Պետական բարձրագույն այրերի մակարդակով միակողմանի մեկնաբանվում է ՀՀ անկախության հռչակագրի 1-ին կետը` ՀՀ իրավասությունը միայն Հայկական ԽՍՀ տարածքի՝ յուրովի ներկայացվող սահմանների հետ կապելով։ Ժամանակին այդպես է հիմնավորվել նաև Արցախի հանձնումը։ Հռչակագրի պրեամբուլայում, ի թիվս անկախության հռչակման տարբեր հիմքերի նշված է. «… հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, … հռչակում է` …»: Հետագայում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը սահմանվել է 08.07.1992 թ․ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հ. Ն-0663-1 որոշման մեջ․ «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա … Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. 1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: 2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։»
Անհեթեթ է ՀՀ իշխանությունների կողմից հնչող այն պնդումը, թե իբր Ալմա-Աթայում 1991 թ․ դեկտեմբերի 21-ին ստորագրված ԱՊՀ ստեղծման մասին փաստաթղթով ՀՀ-ը ճանաչել է նախկին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում ինչո՞ւ էր հայկական կողմը աջակցում Արցախին 1992-1994 թթ․ պատերազմում։ Հատկանշական է, որ այդ փաստաթղթով առաջնահերթ ամրագրվել է արդեն իսկ իրացված ազգային ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտությունը, իսկ ՀՀ-ն այդ միջազգային փաստաթուղթը վավերացրել է վերապահումով, որով Արցախը չի դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Ալմա-Աթայի հռչակագիրը չի ձևակերպել նաև Տավուշի կամ ՀՀ այլ տարածքի արտաքին սահմանի գծման կոնկրետ տեղամասեր և աշխարհագրական կոորդինատներ, որովհետև նման հարցերը այդ հարթակում և այդ ձևաչափով չեն կարգավորվում։ Բացի այդ՝ խորհրդային միութենական հանրապետությունների սահմանները ԽՍՀՄ-ում դիտարկվում էին որպես ներքին սահմաններ, որոնց սահմանազատման գործընթացը հազվադեպ է ընթացել միջազգային իրավունքի սկզբունքների տառին համապատասխան։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ, օրինակ, Արցախի վերաբերյալ խորհրդային տարիներին ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ միջև երբևէ տարածքային խնդիրները կարգավորող միջհանրապետական որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Միայն ՀԽՍՀ սահմանային առանձին տեղամասերի վերաբերյալ ստորագրվել են արձանագրություններ, որոնք սահմանների ընդհանուր երկայնքի պատկերը, այնուամենայնիվ, չեն արտացոլում։ ՀՀ կառավարության սահմանած սկզբունքներով առաջնորդվելու պարագայում մենք կորցնելու ենք ոչ միայն ռազմավարական գերշահեկան դիրքերը սահմանին, այլև վտանգելու ենք Վրաստանի հետ մեր հանրապետությունը կապող կենսական նշանակության միջպետական մայրուղին։
«Սահմանազատման» գործընթացն այս փուլում ամբողջությամբ ապօրինի է, քանի որ ոչ միայն տեղի է ունենում բացառապես ադրբեջանական կողմի օրակարգին լիարժեք համապատասխան, այլև նրանց բացահայտ ռազմաքաղաքական ճնշման ներքո, ինչպիսի պայմաններում միջպետական պայմանավորվածություններն ի սկզբանե առոչինչ են։ Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ նախ հարևան պետությունները պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, հետո միայն անցնեն սահմանային վերջնական ճշգրտումների, ինչպիսիք ներկա պահին կատարվում են, օրինակ, Վրաստանի և Ադրբեջանի միջև։ ՀՀ Սահմանադրությունը ևս նախատեսում է նման հարցերի կարգավորումը միջպետական պայմանագրով, որը պետք է անցնի վավերացման գործընթաց, իսկ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված սոսկ խորհրդատվական հանձնաժողովն ադրբեջանական կողմի հետ տարածքային որոշումներ կայացնելու իրավասություն չունի, իսկ վարչապետը և Կառավարությունը իրավասու չեն հանձնաժողովին «որոշումներ» կայացնելու մանդատ տալ, ինչի մասին պաշտոնապես հայտարարում են։ Ավելին՝ տարածքային փոփոխությունների հարցերը կարգավորում ստանում են հանրաքվեով։ ՀՀ իշխանություններն իրենց նախընտրական ծրագրում որևէ զիջում չեն նախատեսել, նույնիսկ առաջարկում էին հասնել Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման, մինչդեռ իրենց գործողությունները տրամագծորեն հակառակն են։ Հենց այդ օրակարգով է իշխող վարչախումբը ստացել ընտրողների վստահության քվեն։ Սա նշանակում է, որ, կատարելով նախընտրական ծրագրին հակառակ գործողություններ, ՀՀ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը։ Մինչ օրս չեն վերադարձվել նույնիսկ 2020 թ. պատերազմի ռազմագերիներից շատերը, որոնց վերադարձնելու մասին խոստանում էին այդ նույն նախընտրական շրջանում, իսկ ռազմագերիների հանձնումը յուրաքանչյուր պետության անբեկանելի պարտավորությունն է, ինչից հրաժարվում է Ադրբեջանը և փոխարենը շարունակում տարածքային նոր պահանջներ ներկայացնել։
Շարունակական տարածքային կորուստները և ստեղծված սահմանային վիճակը հայոց պետականության հետագա զարգացման և անգամ գոյության համար լրջագույն սպառնալիքներ են ստեղծել, ինչը խորը անհանգստություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում: Հաշվի առնելով այդ սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը, իշխանությունների կողմից հանրության լայն շերտերի կարծիքը հետևողականորեն անտեսելու քաղաքական կեցվածքը և ելնելով ապագա սերունդների առաջ պատասխանատվության զգացողությունից՝ կրթության և գիտության ոլորտի ներքոնշյալ ներկայացուցիչներս մեր աջակցությունն ենք հայտնում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը և կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:
Հայտարարությունը բաց է ՀՀ կրթական և գիտական բոլոր հաստատություններում աշխատող անձանց համար։
Անվանացանկ (պարբերաբար թարմացվող).
1. Միքայել Մալխասյան — պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
2. Դավիթ Հայրապետյան — հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
3. Վարուժան Գեղամյան — պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
4. Գևորգ Դանիելյան — իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
5. Արթուր Աթանեսյան — քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
6. Վահագն Վարագյան — կենսաբանական գիտությունների թեկնածու
7. Արմեն Ավետիսյան — բանասիրական գիտությունների թեկնածու
8. Սաթենիկ Վարդանյան — արվեստագիտության թեկնածու, դոցենտ
9. Մենուա Սողոմոնյան — պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
10. Ամալյա Սողոմոնյան — բանասիրական գիտությունների թեկնածու
11. Տարոն Վարազդատյան — տնտեսական գիտությունների թեկնածու
12. Գարիկ Քեռյան — քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
13. Տիգրան Զալինյան — ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
14. Աշոտ Հայրունի — պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
15. Աննա Մկրտչյան — տնտեսագիտության դասախոս
16. Կարինե Եղիազարյան — պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
17. Լիլիթ Մելիքյան — պատմական գիտությունների թեկնածու
18. Գևորգ Հարությունյան — պատմական գիտությունների թեկնածու
19. Անժելա Էլիբեգովա — քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
20. Հայկ Ղազարյան — ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
21. Ռիտա Սաղաթելյան — բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
22. Սիրանուշ Գալշոյան — բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
23. Աստղիկ Ավետիսյան — բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
24. Խաչիկ Գալստյան — քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
25. Վահե Արսենյան — բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
26. Արտյոմ Տոնոյան — բանասիրական գիտությունների թեկնածու
27. Գարիկ Միսակյան — իրանագիտության դասախոս
28. Ահարոն Վարդանյան — իրանագիտության դասախոս
29. Էրիկ Դավթյան — պատմական գիտությունների թեկնածու
30. Արա Աթայան — ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
31. Արմեն Մանվելյան — պատմական գիտությունների թեկնածու
32. Վահե Սարգսյան — պատմական գիտությունների թեկնածու
33. Ալբերտ Գևորգյան — ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
34. Կարեն Իգիթյան — կովկասագիտության դասախոս
35. Վահե Թորոսյան — իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
36. Հովհաննես Խորիկյան — պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ
37. Ցոլակ Ակոպյան — քաղաքական գիտությունների թեկնածու
38. Արման Մալոյան — պատմական գիտությունների թեկնածու
39. Աղասի Միքայելյան — ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
40. Աշխեն Բեգլարյան — քաղաքական գիտությունների թեկնածու
41. Էդգար Էլբակյան — քաղաքագիտության դասախոս
42. Մարինա Մադոյան — պատմության դասախոս
43. Գագիկ Համբարյան — դասախոս
44. Լիլիթ Հովհաննիսյան — պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
45. Կարապետ Հակոբյան — պատմական գիտությունների թեկնածու
46. Հրանտ Միքայելյան — քաղաքագիտության դասախոս
47. Լիանա Դալլաքյան — պատմության դասախոս
48. Գոռ Սարգսյան — պատմական գիտությունների թեկնածու
49. Թադևոս Չարչյան — բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
50. Միքայել Բադալյան — պատմական գիտությունների թեկնածու
51. Օլիմպիա Գեղամյան — իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
52. Լուսինե Զաքարյան — պատմության ուսուցիչ
53. Տիգրան Քոթանջյան — ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
54. Մարտիրոսյան Անուշ — բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
55. Էդիկ Մինասյան — պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
56. Հովիկ Գրիգորյան — պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
57. Տիգրան Գևորգյան — պատմական գիտությունների թեկնածու