ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները հաղթանակ են բերել միջազգային մրցույթից

14 Հուլիսի 2023, 21:47

Մշակույթ

«Բալթիկ վոյս» երգի միջազգային ամենամյա մրցույթում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաներ Գայանե Թադևոսյանը և Քրիստինա Դանոյանը զբաղեցրել են առաջին հորիզոնականը՝ գրանցելով հավասար արդյունքներ:

ԵՊՀ մարքեթինգի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն 11 տարի Լատվիայում անցկացվող մրցույթին այս տարի մասնակցել են 125 կատարողներ 16 երկրներից՝ Էստոնիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Սլովակիայից, Իսրայելից, Մալթայից և այլ երկրներից:

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները մրցույթին մասնակցում էին 3-րդ անգամ: Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշել է, որ մասնակցության 1-ին իսկ տարում արժանացել են Գրան պրի մրցանակի՝ դրանով հիմք դնելով հետագա հաղթանակներին և հետաքրքրությանը Հայաստանի նկատմամբ, իսկ ինքը ստացել է առաջարկ՝ դառնալու միջազգային մրցույթի ժյուրիի անդամ և մինչև օրս էլ շարունակում է մնալ ժյուրիի կազմում՝ իրավունք չունենալով քվեարկելու ՀՀ մասնակիցների օգտին:

25 տարեկանից բարձր տարիքային խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցրած Գայանե Թադևոսյանն արժանացել է նաև «Ժողովրդի համակրանք» մրցանակին: Մրցույթի 1-ին փուլում Գայանեն ներկայացրել է իր հեղինակային՝ «Ես կգամ» երգը, որը գործիքավորել և մշակել է անձամբ, ինչպես նաև, երգի համար պատրաստել է ֆոնային տեսանյութ, իսկ 2-րդ փուլում՝ «The Phanton of the Opera» երգը:

Քրիստինա Դանոյանը ևս գրավել է 1-ին հորիզոնականը՝ 25 տարեկանից բարձր տարիքային խմբում: Նա ներկայացրել է Արամ Սաթյանի «Սերն անցավ» և Մադոննայի «La Isla Bonita» ստեղծագործությունները:

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները տարիներ շարունակ մասնակցում են հանրապետական, միջազգային, միջբուհական և բազմաթիվ այլ մրցույթների և ամենուրեք բարձր են պահում Երևանի պետական համալսարանի անունն ու պատիվը: