Եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում է անցկացվելու ՀՀ իշխանություննների ճնշումների պատճառով. Տեր Եսայի
20 Հունվարի 2026, 15:15
ՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս հրավիրելը բացարձակապես որևէ հակականոնական խնդիր չի առաջացնում: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով հարցի շուրջ հնչող դիտարկումներին:
«Նման նախադեպեր էլի են եղել պատմության ընթացքում, վերջինը եղել է Վազգեն Վեհափառի օրոք, ժողովն անցկացվել է Կահիրեում։ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդն էլ կարող է Հայաստանից դուրս անցկացվել», – ասել է նա։
Տեր Եսային նաև ընդգծել է, որ Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում հրավիրելու որոշումը կայացվել է ելնելով այն մտավախությունից, որ իշխանությունը կարող է ինչ-որ կերպ խոչընդոտել դրա անցկացմանը:
«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով իշխանության կողմից եկեղեցահալած քաղաքականությունը և հոգևորականների նկատմամբ ճնշումները», – նկատել է հոգևորականը։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին: