Եպիսկոպոսաց ժողովը խոչընդոտելու քայլերով ցույց են տալիս՝ ընդունում են Վեհափառի որոշումները․ Տեր Փառեն
05 Փետրվարի 2026, 14:17
Ազգային Ժողովի դիմաց այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի աջակցություն Հայաստանում քաղաքական բանտարկյալների և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների։
Տեր Փառեն քահանա Առաքելյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԳՀԽ անդամների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին և այն դիտարկմանը, թե հաջորդը կարող է լինել Վեհափառը, նշել է, որ այլևս որևէ բանից չեն զարմանում։
Նա այդ հետապնդումները գնահատել է որպես Սահմանադրության, օրենքի խախտում։
Դիտարկմանը, թե ինչու են իշխանությունները վախենում Եպիսկոպոսաց ժողովից, Տեր Փառենը նշել է, որ չի կարող ասել՝ վախենում են, թե ոչ, սակայն ընդգծել է, որ բոլորը կարևորում են այդ ժողովը, որքան էլ բարձրաձայնեն, թե չեն ընդունում դրա որոշումները։ «Եպիսկոպոսաց ժողովը խոչընդոտելու քայլերով ցույց են տալիս, որ ընդունում են և՛ Վեհափառ Հայրապետի, և՛ Եպիսկոպոսաց ժողովի որոշումները»,- հավելել է նա։
Տեր Փառենը չի հստակեցրել՝ արդյոք Հայաստանում կիրականացվի ժողովը, սակայն հիշեցրել է, որ ի սկզբանե որոշվել էր այն անցկացնել Ավստրիայում, քանի որ վտանգ էին զգում։