Էփշտեյնը կարող էր դավադրության մեջ մտնել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ՝ ANCA-ի գործունեությունը խաթարելու նպատակով
03 Մարտի 2026, 16:00
Տարբեր ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների համաձայն՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը կարող էր դավադրության մեջ մտնել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և ամերիկացի միլիարդատեր Թոմաս Պրիցկերի հետ՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործունեությունը խաթարելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դանդաղեցնելու համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը Alpha News-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը բացահայտում են նրա ցանցի հետ կապ ունեցող անձանց շրջանակը։ Այդ փաստաթղթերում նշվում են երեք կառավարական գործիչների անուններ, որոնք ուղղակիորեն կապված են Հայ դատի աշխատանքների հետ։
«Խոսքը Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս դեսպան Թոմ Բարաքի և Ամերիկայի առողջապահության և բժշկական ապահովության կենտրոնի վարիչ, դոկտոր Մեհմեդ Օզի մասին է։ Երբ բացահայտվեց, որ Ահմեդ Դավութօղլուի անունը կա Էփշտեյնի ֆայլերում, նա խոստովանեց, որ 2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ դիմել էր ամերիկացի միլիարդատեր Թոմաս Պրիցկերին՝ խափանելու Հայ դատի հանձնախմբի և ամերիկահայ գաղութի աշխատանքները Վաշինգտոնում, ինչպես նաև արգելելու Ցեղասպանության ճանաչումը»,- նշել է Չուլջյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս, թե ինչ միջոցների կարող է դիմել Թուրքիայի կառավարությունը՝ հայոց ցեղասպանությունը մերժելու համար։