Եռակողմ հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման գործընթացի այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզն է. Զախարովա

07 Հունիսի 2023, 19:30

Կարծիք

Մենք համարում ենք, որ եռակողմ հայտարարության փաթեթը Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացի այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզն է: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում արեւմտյան երկրների ակտիվացման մասին հարցը:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աշխատում ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների հայտարարությունների հիման վրա»,- ասել է Մարիա Զախարովան:

Նա ընդգծել է, որ այդ աշխատանքն ունի իր հետքերը, բանակցային գործընթացի իր դինամիկան, ձեւաչափերը եւ լրացուցիչ գործիքները:

«Մենք չենք փորձում ինչ-որ բան արագացնել, մենք գնում ենք ծրագրված պլանով, իրականացնում ենք այն ամենը, ինչ պայմանավորված է եղել։ Մեզ համար առաջնահերթ է Ադրբեջանի եւ Հայաստանի մոտեցումների մերձեցումը, կայուն հավասարակշռված լուծումների մշակումը: Հենց նման մոտեցումներին, նման աշխատանքին ենք մենք պատրաստ հետագայում աջակցել»,- հավելել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Մարիա Զախարովայի խոսքով՝ հարց է առաջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հանկարծակի ակտիվության վերաբերյալ:

«Նախկինում, առաջին հերթին ԵՄ-ի կողմից, անդրկովկասյան խնդիրների նկատմամբ ոչ ոք առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերել։ Հիմա, հավանաբար, փոխվել է կոնյունկտուրան։ Եկեք հղում անենք պատմական փորձին, որը ցույց է տալիս, որ դրսից պարտադրված խաղաղ բանաձեւերը, հատկապես նրանք, որոնք առաջարկվում եւ մղվում են արագացված ռեժիմով, երբեք ոչ մի լավ բանի չեն հանգեցրել։

Պետք է իմանալ տարածաշրջանի պատմությունը, հակամարտության պատմությունը, ժողովուրդների պատմությունը, պետք է խորապես զգալ եւ, ամենակարեւորը, հակված լինել խաղաղ կարգավորմանը։ Ոչ պակաս կարեւոր է այդ նպատակին հասնելու անկեղծ ցանկությունը»,- նշել է Մարիա Զախարովան:

Հիմա եթերում