Երասխի հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանը կկառուցվի այլ վայրում. Վահան Քերոբյան

31 Հոկտեմբերի 2023, 16:27

Տնտեսություն և Բիզնես

Մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մոտակա մեկ այլ վայրում։ Այս մասին լրագրողների հետ զրուցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի նախագծի իրագործման աշխատանքները շարունակվում են»,- ասել է Քերոբյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն լինելու է, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։

Հարցին, թե արդյոք այսպիսով տուրք չի տրվում ադրբեջանական կողմի պահանջին՝ Քերոբյանը նշել է, որ գործարանի կառուցման համար ներդրումներ են իրականացնում մասնավոր ընկերությունները, որոնք էլ որոշում են իրենց անելիքը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել էր Երասխի գործարանի վերաբերյալ X-ում արած գրառումը՝ հեռացնելով սարքավորումներն ու նյութերը նոր վայր տեղափոխելու հատվածը։

Առաքելությունը գրել էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունն` իր ներկայությամբ, նպաստում է նյութերի և սարքավորումների անվտանգ տեղափոխմանը նոր վայր։

Խմբագրված տարբերակում գրված էր. «Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրին»։

Հիմա եթերում