Երբ ադրբեջանցիների ոտքը մտնի Հայաստան, միանգամից կոնֆլիկտներ են հրահրելու․ Կարեն Իգիթյան
27 Դեկտեմբերի 2023, 22:35
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը Alpha News-ի ուղիղ եթերում հայտնել է, որ Ադրբեջանում բոլոր մակարդակներով այն նարատիվն է, թե Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է։
«Ադրբեջանի Մեջլիսը շատ հստակ շարունակում է իրենց քաղաքականությունը։ Այնտեղ շատ շուտվանից ստեղծել են այն նարատիվը, որ Հայաստանն իրենք ընկալում են որպես Արևմտյան Ադրբեջան, և, բնականաբար, համարում են, որ այս տարածքը, որը, ըստ իրենց նարատիվի, իրենցն է, պետք է լինի իրենցը։ Դա իրենք տարածում են իրենց դասագրքերում, գիտության ակադեմիայի ելույթներում ու նյութերում, նախագահի խոսքում, այսինքն՝ բոլոր մակարդակներում»,- ասել է Իգիթյանը։
Փորձագետի կարծիքով՝ երբ ադրբեջանցիների ոտքը մտնի Հայաստան, միանգամից կոնֆլիկտներ են հրահրելու։
«Այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձը մի պատրվակ է, որով Ադրբեջանը փորձելու է խառնվել Հայաստանի ներքին գործերին ու արդեն լեգիտիմ առիթ ունենա խառնվելու։ Այսինքն՝ այս մարդիկ գալու են, այստեղ հակամարտություն, կոնֆլիկտներ են հրահրելու ու երկու տարբերակ է լինելու։ Կամ հայկական բնակչությունը, խուսափելով այդ կոնֆլիկտներից, դուրս է գալու այն տարածքից, որտեղ ադրբեջանցիները շատ են լինելու, կամ էլ եթե լինելու է այդ հակամարտությունը, Ադրբեջանն ու Թուրքիան փորձելու են զորքով գալ, այդտեղ կանգնել ու ասել, որ ուղղակի բնակչության անվտանգություն են ապահովում»,- ընդգծել է մեր զրուցակիցը։
Կարեն Իգիթյանը նշել է, որ այդ ադրբեջանցիները, որոնք հայատյացության մթնոլորտում են մեծացել, Հայաստանում հակամարտության աղբյուր են դառնալու։
«Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են անել այնպես, որ հանդիսանան որպես գարանտ վերադարձող ադրբեջանցիների իրավունքների համար։ Այն, որ իրենք հրահրելու են կոնֆլիկտներ, իմաստը դրանում է, որովհետև այս իրավիճակում քանի հարաբերությունները կարգավորված չեն, ու Ադրբեջանում հայատյաց քաղաքականությունը չի դադարում, այդ մարդիկ ատելության մեջ են մեծացել, եթե գան Հայաստան, իրենց գալու իմաստը կոնֆլիկտն է։ Փորձելու են մեր սահմանի ներսից մեզ ճնշել և մենք գնալու ենք հետ՝ դեպի 1918 թիվ, երբ Հայաստանում կար բազմաթիվ մուսուլմանական բնակչություն»,- եզրափակել է Իգիթյանը։