Երբ երկինքը դառնում է ճանապարհ, իսկ ճանապարհը՝ սխրանք․ Մուշեղ Անտոնյան

07 Օգոստոսի 2025, 22:16

Հայեր

Մուշեղ Անտոնյանը ծնվել է 1958թ. օգոստոսի 7-ին Երևանում: Երիտասարդ տարիներին նա երազում էր երկնքի մասին՝ ոչ թե որպես ազատության խորհրդանիշ, այլ որպես գործողության տարածք: Ավարտել է Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1981)։

Վերադառնալով Հայաստան՝ Մուշեղը դարձել է ռազմական օդաչու։ Նրան չէին հետաքրքրում փառքը, նա պարզապես իր գործն էր անում: 1988-ի երկրաշարժից հետո նա առաջիններից մեկն էր, որ գնաց աղետի գոտի։ Նրա ուղղաթիռը դարձել է կյանքի և մահվան միջև կապող օղակ. նա դեղորայք, սնունդ է հասցրել, տարհանել վիրավորներին։ Նա օրական 5-6 մարդասիրական չվերթ է իրականացրել։

1989-1991 թվականներին որպես Մի-8 ուղղաթիռի անձնակազմի հրամանատար մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և Արցախի ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը Արցախ, Շահումյան և Գետաշեն կազմել է 2494 ժամ։ Նա թռիչքներ է կատարել առաջնագծի վրայով, թշնամու գրաված տարածքների վրայով՝ վտանգելով կյանքը հանուն ուրիշների։ Վարդենիսի տարածքով թռչելիս մի նեղ լեռնանցք էր հայտնաբերել, որտեղով միայն մեկ ուղղաթիռ կարող էր անցնել: Այդ անվտանգ երթուղին առանցքային դեր է խաղացել հայկական ուժերի հաջողության մեջ։ Ավելի ուշ այդ տեղանքն անվանել են «Մուշեղի լեռնանցք»։

1991 թվականի հունիսի 14-ը նրա վերջին թռիչքի օրն էր։ Մուշեղ Անտոնյանը պետք է Երևանից մեկներ Աբովյան, որպեսզի բեռը հասցներ Շահումյան։ Ընկերների խոսքով՝ այդ օրը նա անսովոր լարված է եղել։ Ուղղաթիռը, օդ բարձրանալով, հարվածել է բարձր լարման գծին, ընկել, հարվածել սյանը և բռնկվել: Անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են։

Մուշեղ Անտոնյանը հանգչում է «Եռաբլուր» պանթեոնում: Նրա անունը մնացել է ոչ միայն իրեն ճանաչողների հիշողության մեջ, այլև այն երկրի տեղագրության մեջ, որը նա պաշտպանում էր երկնքից: Նա պարզապես չէր թռչում, նա միավորում էր, փրկում, ճանապարհ էր հարթում։ Եվ այդ ճանապարհը մնաց՝ որպես հետք երկնքում։