Երբ հայտնեցին՝ արժանացել եմ պետական շքանշանի, մտածեցի, որ Հայաստանի կողմից է. Կարեն Խուրշուդյան

27 Մայիսի 2025, 13:00

Հայեր

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի որոշմամբ ֆրանսաբնակ հայազգի բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»։ Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է հենց բանաստեղծի հետ, ով պատմել է Ֆրանսիայում իր գործունեության մասին:

«Իրականում Հայաստանից են ինձ հայտնել, որ դարձել եմ շքանշանակիր: Անկեղծ ասած, կարծել եմ՝ ՀՀ-ի կողմից է այն, շնորհակալություն հայտնեցի և խնդրեցի որևէ տեղեկագիր ուղարկել: Բայց պաշտոնյան, որը հայտնել էր լուրը, ինձ ուղարկեց ֆրանսիական պաշտոնական տեղեկագիրը, և դա տեսնելով հասկացա, որ շքանշանի արժանացել եմ հենց Ֆրանսիայի կողմից: Այն դեռևս կրելու իրավունք չունեմ, պետք է արարողակարգ լինի, որի ժամանակ մեկ այլ համանման շքանշանակիր կամ պետության որևէ ներկայացուցիչ այն կհանձնի»,- նշել է Խուրշուդյանը:

Խոսելով գրական գործունեության մասին՝ նա ընդգծել է.

«Իմ բանաստեղծությունները հրատարակվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում: Հայաստանում հրատարակված գրքերից է «Աշխարհն իմ շուրթերին»-ը, որտեղ իմ ստեղծագործությունները ներկայացված են վեց լեզուներով: Բացի դրանից, ևս 3 գիրք եմ ՀՀ-ում հրատարակել: Բայց բացի բանաստեղծություններ գրելուց, կատարում եմ նաև թարգմանություններ, և թարգմանել եմ այնպիսի գործեր, որոնք մոտեցնում են հայ ժողովրդին ֆրանսիական մշակույթին: Բայց տեսնելով վերջին տարիներին հայ ժողովրդի աղճատումը թե՛ ՀՀ-ում, թե՛ Սփյուռքում, որոշեցի թարգմանել «Հանդուրժողականության տրակտատը» գիրքը: Սա վերջին գիրքն է, որը թարգմանել եմ»:

Հիմա եթերում