Երբ զիջում ես արժանապատվությունդ, չես հասնի նաև խաղաղության. Ժիրայր Ռեիսյան
11 Օգոստոսի 2023, 21:45
Աշխարհում չկա մեկը, որը չցանկանա խաղաղություն և խաղաղ կյանք, բայց այդ հարցում հիմնական կարմիր գիծը պետք է լինի ազգային արժանապատվությունը: Երբ զիջում ես արժանապատվությունդ, պարտվում ես նաև խաղաղության հարցում: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ զարգացումներին:
«Ես չեմ կարող զիջել իմ արժանապատվությունը՝ երկու օր խաղաղ ապրելու համար, որովհետև այդ երկու օր խաղաղ ապրելու՝ թեկուզ խաբուսիկ երևույթը, երրորդ օրը պիտի վերածվի քեզ ստրկացնելու երևույթի»,- ասել է հայազգի պատգամավորը և հավել, որ դա խաղաղություն չէ:
Հարցին, թե արդյոք պատգամավորն առիթ ունեցել է խաղաղության մասին իր պատկերացումները ներկայացնել նաև Հայաստանի իշխանություններին, որն Արցախի հարցում զիջողական քաղաքականություն է վարում, Ռեիսյանը նշել է.
«Որպես Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական խմբի անդամ՝ այդպիսի հանդիպումներ չեմ ունեցել»:
Պատգամավորը վերջին շրջանում տարբեր առիթներով եղել է Հայաստանում և նեղ շրջապատում ներկայացրել իր տեսակետը: Զուգահեռներ անցկացնելով սիրիական ճգնաժամի եւ 44-օրյա պատերազմի միջեւ՝ նա հիշեցրել է, որ ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ սիրիական պատերազմում, Թուրքիայի ներգրավվածությունն անվիճելի է՝ այդ երկիրն է եղել ահաբեկիչների առաջ հիմնական դուռը բացողը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները քաջատեղյակ են թուրք-սիրիական հարաբերություններին և Սիրիայի իշխանության պաշտոնական տեսակետը նրանց հայտնի է:
Ըստ պատգամավորի՝ սիրիացին և սիրիահայերը 12 տարի է՝ տարբեր դավադրությունների, վարձկանների զոհ են: Այդ ամենին զուգահեռ, սակայն, Սիրիայի տարածքի մեծ մասն ազատագրված է: Պատգամավորի խոսքով՝ պետությունն իր գոյությունն ու հեղինակությունը վերահաստատել է, և գնում է սիրիական բռնազավթած հողերի ազատագրման ճանապարհով: Նրա խոսքով՝ Սիրիայի տարածքային ամբողջականության հարցն անվիճելի է: Դա արժանապատվության և սկզբունքի հարց է:
«Սիրիայի հյուսիսային շրջանում կան ամերիկյան, թուրքական, քրդական զինյալ խմբավորումներ: Նրանց բոլորի դիմաց կանգնած է Սիրիայի ամբողջականության վերականգնման հաստատակամությունը՝ թե՛ ժողովրդի, և թե՛ պետության կողմից» ,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ երկրի ղեկավարությունը իր սկզբունքային կեցվածքը զիջող չէ:
Թուրքիայի նախագահը հազար ու մի միջոցի դիմեց, որպեսզի հանդիպի Սիրիայի նախագահի Ասադի հետ, սակայն, ըստ Ռեիսյանի, նախագահ Ասադը շատ հստակ կեցվածք դրսևորեց: «Քանի դեռ մեկ թուրք զինվոր կա իմ հողատարածքի վրա, նման հանդիպում չի կարող տեղի ունենալ»,- Ասադի դիրքորոշումն է ներկայացրել Ժիրայր Ռեիսյանը:
Պատգամավորը չի հավատում, որ Արցախը մի օր կարող է ամբողջությամբ խարխլվել, ինչպես տարիներ առաջ Սիրիան՝ դառնալով կռվախնձոր գերտերությունների ձեռքում:
«Արցախցին ամուր է իր հողի վրա, ինչպես սիրիացին»,- եզրափակել է Ռեիսյանը: