Էրդողանի հայտարարությունը՝ ազդանշան Ռուսաստանի համար
13 Հուլիսի 2023, 13:40
Ակնհայտ էր՝ Թուրքիան ու Ադրբեջանն ինչ-որ պահի խոսելու են, որ 2025 թ.-ին ավարտվում է ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն Արցախում, որին գումարվել է Հայաստանի իշխանությունների՝ ուղղակի կամ անուղղակի աջակցությունը:
Alpha News-ի հետ զրույցում, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, նման կարծիք հայտնեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Տրամաբանական է, որ երկուսուկես տարի առաջվանից Թուրքիան ու Ադրբեջանը ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի թեման դարձնում են հանրային սեփականություն: Հող է նախապատրաստվում, որ Թուրքիան ու Ադրբեջանը, հենց այդ դիրքորոշումից ելնելով, սկսեն բանակցել Ռուսաստանի հետ»,-շեշտեց թուրքագետը:
Էրդողանը, հիշեցնենք, ՆԱՏՕ-ի վիլնյուսյան վեհաժողովի շրջանակներում երեկ՝ հուլիսի 12-ին, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի, հույս էր հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտականություններին եւ ռուս խաղաղապահները 2025 թ.-ին կլքեն Լեռնային Ղարաբաղը: Իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 5 տարի ժամկետով, որը, սակայն, կարող է երկարաձգվել եւս 5-ամյա ժամկետով, եթե կողմերից մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի դրա չեղարկման մտադրության մասին:
«Ռուսաստանը քաջատեղյակ էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են չերկարացնել խաղաղապահների տեղակայման ժամկետը, հետեւաբար, սա իրենց համար եւս մեկ ազդանշան էր, որ գործընթացները գնալու են հենց այդ ուղղությամբ: Իհարկե, շատ բան կախված է, թե ինչքանով Ռուսասատնը կկարողանա այլ առաջնային տարածաշրջաններում իր դիրքերն առաջ մղել, որը ուղիղ ազդելու է Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդմանը, իսկ հակառակ գործընթացների պարագայում՝ թուլացմանը»,- ասաց Վարուժան Գեղամյանը՝ հավելելով, որ Թուրքիան ու Ռուսաստանը մրցակցում են Հարավային Կովկասի համար:
«Այդ մրցակցությունն ընթանում է ժամանակակից աշխարհաքաղաքական պայքարին բնորոշ soft՝ փափուկ տարբերակով, այն չի դրսեւորվում ուղիղ կոնֆլիկտով, այն իմաստով, որ մենք չենք տեսնում իրար դեմ կռվող Ռուսաստանի ու Թուրքիայի բանակներ, բայց դա չի նշանակում, որ դրանք չեն կռվում, դրա վառ օրինակը՝ Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում, ադրբեջանական բանակի ակտիվությունն է, որն աջակցություն ունի Թուրքիայի կողմից»,- եզրափակեց թուրքագետը: