Էրդողանն ունի մտահոգվելու առիթ․Արարատ Կոստանյանը՝ Թուրքիայում ահագնացող բողոքի ցույցերի մասին

Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել մարտի 19-ին՝ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո, որին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Հնարավոր արտահերթ ընտրություններում Էրդողանի գլխավոր ընդդիմախոսներից մեկը համարվող քաղաքական գործիչն ավելի ուշ կալանավորվել և հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից: Իմամօղլուին աջակցող բողոքի ցույցերը շարունակվում են։ Նա հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ իշխանությունների ճնշումներին։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է միջազգայնագետ, արևելագետ Արարատ Կոստանյանի հետ։

«Այսօրվա ցույցերը Էրդողանի համար մտահոգիչ են։ Եթե նախկինում նա կարողացավ արտաքին ուժերի կողմից հովանավորչություն ստանալ, այսօր այդ հովանավորչության դերը նվազել է։ Թե տարածաշրջանային, թե միջազգային ուժերի կողմից Թուրքիայի ամբիցիաների հանդեպ ավելի զսպվածություն կա։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կոմպրոմիսների շրջանակում Թուրքիայի ամբիցիոզ քաղաքականությունը նվազելու է»,- ասել է մեր զրուցակիցը։

Նա նշել է, որ Իմամօղլուին ավելի շատ է ընդունում ժողովուրդը, քան Էրդողանին։

«Ներկա դրությամբ Էրդողանն ունի մտահոգվելու առիթ, մանավանդ, երբ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իմամօղլուն, ըստ որոշ հաշվարկների, համարվում է ավելի խարիզմատիկ կերպար, քան Էրդողանը»,- նկատել է մեր զրուցակիցը։

Հավելենք նաև, որ ավելի քան 300 թուրք գրող հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ համատեղ հայտարարությամբ։ Նրանք հայտարարել են, որ չեն պատրաստվում լռել և դեմ են «այս հակաժողովրդավարական պրակտիկային»։

Մանրամասները՝ տեսանյութում։