Էրդողանը ցույց տվեց, որ չի մարսել Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերը Հայաստանի մասին. Անի Ավետյան
17 Հունիսի 2023, 22:00
«Էրդողանը շատ լավ հասկանում է, որ պետք չէ ավելի սադրել, ավելի գրգռել, Թեհրանին, քանի որ նաև լավ հասկանում է, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները խիստ լարված են և հենց Զանգեզուրի միջացնք ասվածի շուրջ եղած հակասությունների պատճառով», — Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության հետազոտող վերլուծաբան Անի Ավետյանն այսպես է մեկնաբանել Alpha Newsroom-ի ուղիղ եթերում Թուրքիայի նախագահի՝ Բաքվից Անկարա վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում արած հայտարարությունն առ այն, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցով ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ խնդիր կա, և եթե Իրանը դրական մոտեցում ցուցաբերի, ապա Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը կկապվեն միմյանց հետ:
Անի Ավետյանը նկատել է, որ Ռեջեփ Թայիփ էրդողանը Բաքու կատարած իր այցի ընթացքում մի ամբողջ օր տարբեր ձևաչափերով հանդիպել է Ալիևի հետ, նրանք քննարկել են նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը, մինչդեռ Թուրքիայի նախագահը Բաքվում չի անդրադարձել Իրանին, դրա մասին խոսել է միայն, երբ դուրս է եկել Ադրբեջանի տարածքից՝ ինքնաթիռում:
ԻԻՀ-ն բազմիցս հայտարարել է, որ չի ընդունելու Հայաստանի ինքնիշխան տարածքի փոփոխություն, քանի որ այդպիսով Թուրքիան ու Ադրբեջանն Իրանին կմեկուսացնեն հյուսիսից, և Իրանին շատ ծանր դրության մեջ կդնեն: Անի Ավետյանը հիշեցրել է, որ 2022-ի ամռանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեն Թուրքիայի նախագահ Էրդողանին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը դիմադրելու է Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականությանը, քանի որ այդ սահմանը հազարամյա վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է։ Այդպիսով Խամենեն ընդգծել է, որ նախքան Թուրքիայի ի հայտ գալը՝ Իրանն է տարածաշրջանում թելադրող եղել, հետևաբար չի պատրաստվում զիջել իր դիրքերը:
«Մեկ տարի հետո ինքնաթիռում արված այս վերջին հայտարարությամբ Էրդողանը ցույց տվեց, որ չի մարսել Խամենեի խոսքերը», — շեշտել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությամբ լրագրողը: Նրա վերլուծությամբ՝ որքան էլ Թուրքիայի ուղեղային կենտրոնները փորձում են մատնանշել, որ այստեղ տնտեսական գործոն կա, և Իրանն էլ իր հերթին տնտեսական այլընտրանքային ճանապարհ է առաջարկում իր տարածքով, սակայն Անիի համոզմամբ, թուրքերը իրանական առաջարկը շրջանցելու համար հազար ու մի պատճառ կգտնեն:
Իրանն իրեն չի կարող թույլ տալ այն ճոխությունը, որ Հայաստանի հետ սահմանը թուրքերը ոչնչացնեն, հակառակ դեպքում իրանական պետության համար կփակվի արտաքին աշխարհ տանող եզակի ելքերից մեկը, որը չունի Էրդողանի ազդեցությունը: Անիի համոզմամբ՝ Իրանը պաշտպանում է Հայաստանի շահերը, քանի որ Հայաստանի տարածքը կենսական նշանակություն ունի իր համար:
Մանրամասները՝ տեսանյութում: