Էրդողանը ֆաշիստական քաղաքականություն է վարում Հայաստանի հետ․ Տիրան Լոքմագյոզյան
14 Օգոստոսի 2024, 00:00
Օլիմպիական խաղերի օդամղիչ ատրճանակով խառը թիմային պայքարում Թուրքիային արծաթե մեդալ բերած թուրք հրաձիգ Յուսուֆ Դիքեչը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Դիքեչը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ հրաժարվել էր համապատասխան հանդերձանքից՝ պաշտպանիչ ականջակալից ու մրցումային ակնոցից։
Համացանցում օգտատերերն ակտիվ տարածում են նրա լուսանկարները և դրանց կից գրում, թե թուրք մարզիկն այնպես է կրակում կարծես «թիրախը հայ է»։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ։
Թուրքագետի խոսքով՝ թուրքական ազգայնամոլությունն այսօր բարձր դիրքերում է։
«Այդ կոլաժները ոչ միայն Թուրքիայում, այլ նաև արտասահմանում լայն տարածում գտան։ Արտասահմանյան մարզիկները, նույնիսկ ֆուտբոլիստները ձեռքն ատրճանակի պես պահած նկարվում են՝ այդ կերպ հայտնելով իրենց համակրանքը։ Ես տարիներ շարունակ խոսում եմ նման դեպքերի մասին, բայց մենք՝ հայերս, այդպես էլ որևէ հետևություն չարեցինք Թուրքիայի նման վերաբերմունքից։ Մի քանիսը, որ դուրս են գալիս և սիրուն-սիրուն խաղաղությունից, եղբայրությունից են խոսում, կարելի է համարել օվկիանոսի մեջ մի կաթիլ։ Ավելին ասեմ՝ երբ համացանցում հայտնվում են հակահայկական դրսևորում պարունակող լուսանկարներ, կոլաժներ, դրանք հազարավոր հավանումներ են ստանում, բայց երբ խոսվում է խաղաղության մասին, դրանք ընդամենը մի քանի հոգի է ընդունում»,- նշեց Լոքմագյոզյանը։
Նրա խոսքով՝ Էրդողանը ֆաշիստական քաղաքականություն է վարում Հայաստանի հետ։
«Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրորդ անգամ ընտրվելուց հետո ֆաշիստական քաղաքականություն է վարում ոչ միայն Հայաստանի, այլ բոլոր հարևանների հետ։ Նա ամբողջ աշխարհին է սպառնում։ Նա ֆաշիստների կողմից ընդունված է որպես իրենց ղեկավար»,- եզրափակեց թուրքագետը։