Էրդողանը հայտնել է, թե ինչ է Փաշինյանի հետ խոսել սեպտեմբերի 11-ին
26 Սեպտեմբերի 2023, 16:05
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալիս հայտնել է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը:
«44-օրյա պատերազմից հետո հնարավորությունների նոր պատուհան է բացվել տարածաշրջանում մշտական խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Մեր կարծիքով՝ այս հնարավորությունը պետք է գնահատել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կդրսևորի ուժեղ կամք՝ գործընթացը ձգձգելու փոխարեն։ Այս ակնկալիքը ես հայտնել եմ նաև Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, որի հետ սեպտեմբերի 11-ին հեռախոսով խոսել եմ», — ասել է Էրդողանը։
Գործակալությունը հայտնում է, որ Էրդողանը շեշտել է՝ իրենք չեն տեսնում որևէ խնդիր, որը չի կարող լուծվել, եթե հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
«Ադրբեջան-Հայաստան գործընթացում առաջընթացը մեծ խթան կհաղորդի տարածաշրջանային կարգավորմանը: Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար», — նշել է նա։
Էրդողանը անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և շեշտել, որ եթե Հայաստանը աշխատանք չկատարի այդ ուղղությամբ, այն անցնելու է Իրանով:
«Այս միջանցքը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և պետք է ավարտին հասցվի։ Հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել: Եթե Հայաստանը աշխատանք չկատարի միջանցքի բացման ուղղությամբ, ապա այն անցնելու է Իրանի տարածքով», — ասել է Էրդողանը:
Էրդողանը վստահություն է հայտնում, երբ միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես Կարս հասնել և այդ կերպ թուրք-ադրբեջանական եղբայրությունը ավելի կուժեղանա:
«Իրանը հիմա սրան դրական է նայում, և քանի որ դրական է նայում, այժմ հնարավոր կլինի Իրանից անցում կատարել Ադրբեջան»,- ասել է Էրդողանը: